կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 20:23
Հասարակություն

Ծխելը և խմիչքը չարաշահելը պետք է ընկալվեն որպես ամոթալի երևույթներ. Արմեն Մուրադյան

Ծխելը և խմիչքը չարաշահելը պետք է ընկալվեն որպես ամոթալի երևույթներ. Արմեն Մուրադյան

Մոր և մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար կմնա գերակա խնդիր: Այս մասին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ ընդունելով «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին։

 

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել «Վորլդ Վիժն Հայաստանի»՝ հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը: «Վորլդ Վիժն Հայաստանն» այժմ աշխատում է 6 մարզի 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող 33 հազար երեխայի։

 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ Նախարարը հիշեցրել է, որ առողջ ապրելակերպի ներդրումը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի բաղադրիչներից է:

 

«Մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երևույթներ»,- ասել է Արմեն Մուրադյանը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: