Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել: Panorama.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես մեկնաբանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ նշելով, որ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ուղղված չի եղել որևէ այլ կուսակցության, հատկապես` ԲՀԿ-ի դեմ:
Panorama.am-ը վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հանրապետական կուսակցության կողմից արձագանք կլինի՞ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որևէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որևէ երանգ չի պարունակել և վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»: