Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող` Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի համար տարին սկանդալային էր: 2014-ի փետրվարին այս դպրոցում միջադեպ տեղի ունեցավ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի և նույն դպրոցի ռազմագիտության ուսուցիչ` մայոր Գրիգորյանի միջև, անգամ միջամտեցին իրավապահները: Այս վեճը հարթվեց, սակայն սա դպրոցի այս տարվա միակ անախորժությունը չէր:
Պարզվում է` դեռևս ուսումնական տարվա մեկնարկից աշակերտների շրջանում դժգոհություններ են եղել` կապված դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի գործունեության հետ: Տարեսկզբին երկու 12-րդ դասարանցիներ բողոքի ալիք են բարձրացրել և հրաժարվելայդ ուսուցչի դասղեկությունից, իսկ ահա տարեվերջին էլ սրվել են նրա և 10-րդ դասարանցիների հարաբերությունները:
Նման իրավիճակներ, բնականաբար, կարող են ստեղծվել ցանկացած դպրոցում, և դա լուսաբանել, առավել ևս` դպրոցի ներքին խոհանոցը դարձնել հանրության քննարկման առարկա, այնքան էլ ճիշտ չէ: Սակայն ուսուցչի վարքի վերաբերյալ մեզ ուղղված շարունակական ահազանգերը ևս անտեսել չէինք կարող: Մեզ դիմած բազմաթիվ ծնողներ և աշակերտներ, որոնց անուններն իրենց իսկ խնդրանքով չենք հրապարակում, հայտնում էին, որ դպրոցի ուսուցիչն անցել է բոլոր սահմանները` անում է այն, ինչ ցանկանում է:
«Բոլոր աշակերտների հետ լարված է` անպատվում է, ականջները ձգում, անտեղի բացականեր և «2»-ներ նշանակում: Անգամ այն օրը, երբ հանկարծակի ձյուն էր եկել, և նախարարը ոչ աշխատանքային օր էր հայտարարել, մատյանում բոլորին «2»-ներ ու բացականեր էր նշանակել, հետո էլ սխալը կոծկելու համար մատյանի այդ հատվածը պատռել, նոր թուղթ փակցրել: 139 դպրոցից ում հարցնեք` կբողոքի, սաղ դպրոցը յախա ա թափում` դասատուներից սկսած»,- yerkir.am-ին վրդովված պատմեց ծնողներից մեկը` նշելով, որ այդ մասին հայտնել են տնօրենին, սակայն նա որևէ քայլ չի ձեռնարկել:
Մեր զրուցակիցները նաև պատմեցին, որ դասարաններից մեկի ծնողներն օրեր առաջ ուսուցչի վարքի վերաբերյալ նամակ են ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարարություն և սպասում են պատասխանին: Ծնողները նաև անդրադարձան Հովհաննիսյանի անցյալի գործունեությանը` նշելով, որ եթե լավը լիներ, Իշխան Զաքարյանի կինը նրան տնօրենի պաշտոնից ազատել չէր տա:
Նշենք, որ Հովհաննիսյանը շուրջ 10 տարի եղել է Երևանի թիվ 62 դպրոցի տնօրեն, մեկ տարի էլ` Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
139 դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ուսուցչի և աշակերտների միջև առկա տարաձայնություններին, ասաց. «Նրանք ուզում են, որ երեխաները չսովորեն, ոչ մեկ իրենց բան չասի, դասարանն ուզում է իրեն վատ պահի, ինքն էլ չի համակերպվում: Բոլոր դեպքերում` ես ծնողների հետ պայմանավորվել եմ` տարվա վերջում հարցի լուծումը կտամ»:
Տարեվերջին հարցին լուծում կտա նաև ուսուցչուհին: «Ես տարվա վերջում նրանցից կհրաժարվեմ, թող գնան` իրենց արժանի ուսուցիչ գտնեն»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը և հավելեց. «Ինձ համար շատ վիրավորական է, որովհետև ոչ մի ծնող այդ հարցով ինձ չի մոտեցել: Սա դպրոց է, այստեղ այնքան հարցեր կարող են լինել: Եթե երեխան մի քանի դաս 15-30 րոպե ուշացած մտնում է դասարան, ուսուցիչը չասի՞` ինչո՞ւ ես ուշացել»:
Ուսուցիչը հերքեց երեխաներին վիրավորելու մասին տեղեկությունները: «Ի՞նչ եք ասում, ես ոչ մեկին չեմ վիրավորել: Դեռ ոչինչ չես ասում, որ ծնողներն ուր ասես գնում են, բա որ հանկարծ ասե՞ս` ինչ կլինի: Ամո’թ է, չի’ կարելի ուսուցչին այսքան վարկաբեկել: Ես այնքան եմ ափսոսում ինձ, իմ գիտելիքները: Ես 10 տարի աշխատել եմ այս դպրոցում, ոչ մի ծպտուն չի եղել: Ես եղել եմ ամենալավ ուսուցիչը, եղել եմ ամենալավ դասղեկը, 3 անգամ ավարտեցրել եմ 12-րդ դասարան, որոնք եղել են դպրոցի ամենաօրինակելի դասարանները, և ո՞նց եղավ, որ իրենց հետ կոնֆլիկտ ունեցա»,- ասաց նա:
Ուսուցչուհու խոսքով` այս ամենը գալիս է դեռևս ուսումնական տարվա սկզբից, երբ տնօրենն իրեն հանձնարարեց 12-րդ դասարաններից մեկը դասղեկությունը: «Մի անգամ էի դեռ հանդիպել նրանց հետ, երբ հրաժարվեցին ինձնից: Նախկին դասղեկը երեխաներին և ծնողներին չգիտեմ` ինչ էր արել, հավաքվեցին և ասացին, որ չեն ուզում, որ ես դասղեկ լինեմ: Իսկ ես նրանցից ընդամենը պահանջում էի ամեն օր դպրոց գալ, աշակերտի պահվածք ունենալ` առանց մանիկյուրի, շրթներկի, առանց թարթիչները ներկելու, հանձնարարությունները կատարել, բայց… Դասարանի տղաներից մեկը կանգնեց միջանցքում և բղավեց. «Մենք չենք ուզում, որ նա մեր դասղեկը լինի, նա կաշառակեր է»»,- պատմեց ուսուցչուհին և հավելեց, որ եթե մենք արդար երկրում ապրեինք ապա ինքն աշակերտին այդ հայտարարության համար դատի կտար և պատասխանատվություն կպահանջեր, բայց. «Ես պարզապես մտա տնօրենի դրության մեջ և հրաժարվեցի այդ դասարանից»:
Հովհաննիսյանից նույն կերպ հրաժարվել են նաև մյուս տասներկուերորդցիները:
«Հիմա այս 10-րդ դասարանն էլ նրանց նման է վարվում: Ինչպե՞ս կարելի է մի վայրկյանում տարիների վաստակ ունեցող ուսուցչին, կնոջը մի անպատասխանատու հայտարարությամբ վարկաբեկել, մի՞թե մենք ավելի կարևոր խնդիրներ չունենք»,- ասաց նա:
Իսկ, ընդհանրապես, ուսուցչի բնութագրմամբ, այս մեկ տարին իր համար իսկական դժոխք էր, սակայն սա նրա աշխատանքի հետ կապված միակ անախորժությունը չէր: Նրա կարիերայում անհաջողությունները գալիս են դեռևս տնօրեն լինելու ժամանակներից: Իսկ այս թեմային yerkir.am-ը կանդրադառնա և ուշագրավ մանրամասներ կներկայացնի հաջորդ հրապարակման մեջ:
Թ.Մ.