Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Երևանում, շինաշխատանքներով պայմանավորված, հերթական շենքն են պայթեցրել, և կրկին՝ առանց նախազգուշացման։ Ընդամենն օրեր առաջ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքն էին փլուզել։ Պայթեցման ժամանակ, բնակիչների խոսքով, անգամ ճանապարհը չէին փակել։ Հարակից բնակելի շենքների բնակիչներն էլ ահազանգել էին, որ փլուզման աշխատանքների հետևանքով առաջացած փոշին լցվել է իրենց տները։ Բացի սա՝ վնասներ են կրել այն բնակիչները, որոնց մեքնենաները կայանված են եղել տարածքում։ Դատախազությունը նույնիսկ քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել։
Թվում էր՝ այսքանը բավարար է, որ Երևանի քաղաքապետարանն արագորեն միջամտի և այլևս բացառի պայթեցմամբ շենքեր քանդելու «սովորույթը» կամ ստիպի շինընկերություններին՝ դա այնպես կազմակերպել, որ թե՛ մարդիկ, հանկարծակի տեսնելով փոշու ամպը և լսելով պայթյունի ձայնը, չհայտնվեն տագնապի մեջ, թե՛ չվնասվեն հարակից շինությունները: Ցավոք, իրական պատկերը բոլորովին այլ է, և քաղաքապետարանի ստեղծած «բարդակի» արդյունքում նշված տրագիկոմեդիան իր արարներով դեռ շարունակվում է:
Հերթական անակնկալը մատուցել է Օրբելի 23 հասցեում շինաշխատանքներ կազմակերպող «Ռենշին» ընկերությանը, որին այս տարածքը տրվել է 2020 թ.՝ կառավարության որոշմամբ:
Yerkir.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել՝ ընկերությունն օրեր առաջ պայթեցման աշխատանքներ է կատարել, որի հետևանքով ցնցումներ են զգացվել և՛ հարակից դպրոցներում, մասնավորապես՝ Հ. Օշականի անվան թիվ 172 դպրոցում, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցում, և՛ հարևանությամբ գործող Ազգային արխիվի մասնաճյուղի շենքում։ Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ դրանց հետևանքով արխիվային ֆոնդի նյութերը թափվել են գետնին։
Բանն այնտեղ է հասել, որ պայթեցումից հետո Հ. Օշականի անվան դպրոցի աշակերտները զրկվել են անգամ դպրոց հաճախելու հնարավորությունից: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց՝ այո, սեպտեմբերի 6-ից Հ. Օշականի անվան դպրոցում, խնդրով պայամանվորված, դասերը հեռավար են անցկացվում։
«Դպրոցում այս պահին էլ իրականացվում է սեյսմիկ փորձաքննություն. եթե չեմ սխալվում, շենքը 1996 թվականից 3-րդ կարգի վթարայնություն ունի, բայց մեկ անգամ ամրացման աշխատանքներ իրականացրել են։ «Ռենշին» ընկերությունը դիմել է քաղաքապետարան, տարածքը պատկանում է իրեն, մասնավոր սեփականություն է, որտեղ կան կից շինութուններ, ընկերությունն այդ շինությունների քանդման թույլտվություն է ստացել։ Քանդման աշխատանքների ընթացքում դպրոցում որոշակի ցնցումներ են նկատվել, տնօրենն առաջինը ՆԳՆ Փրկարար ծառայությանն է ահազանգել, նաև ահազանգել է Երևանի քաղաքապետարանի համպատասխան վարչություն։ Փրկարար ծառայությունն ահազանգի հետքով գնացել է ու ֆիքսել, որ անգամ աշխատանքների դադարեցման պահին, շենքում որոշակի խնդիներ կան, այսինքն՝ ցնցումներ նկատվել են այն ժամանակ, երբ քանդման աշխատանքներ հարակից տարածքում չեն իրականացվել։ Դրանով պայմանավորված Փրկարար ծառայության տնօրենի մակարդակով գրություն է ուղարկվել քաղաքապետարան՝ հիմնավորելով, որ սեյսմակայունության հետ կապված որոշակի խնդիրներ են իրենք տեսնում, մեր հանրակրթության վարչությունն էլ, ի գիտություն ընդունելով Փրկարար ծառայության կողմից տրված տեղեկանքը, որոշել է տվյալ դպրոցում ուսուցումը կազմակերպել հեռավար։ Հիմա մեզ պետք է սեյսմիկ անվտանգության վերաբերյալ փորձաքննության վերջնական արդյունքը, որպեսզի հասկանանք՝ շինաշխատանքների հետևանքո՞վ է շենքը որոշակի վնասներ կրել, և, առհասարակ, շենքն ի՞նչ կարգավիճակում է՝ մեր անելիքները հստակեցնելու նպատակով», - նշեց Հայկ Կոստանյանը։
Հարցին՝ հատկապես «Ռենշին» ընկերության շինաշխատանքների հետևանքով առաջացած ցնցումներն ի՞նչ վնասներ են հասցրել դպրոցին, Հայկ Կոստանյանն ասաց, որ այս պահին չի կարող հստակ նշել։
Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ «Ռենշին» ընկերությունը պարտավորվել է կատարել 71 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության կառույցի ստեղծման համար, որը ներառելու է բիզնես կենտրոն, առևտրահասարակական և ժամանցի տարածքներ, պուրակներ, հյուրանոցային համալիր, մանկական զարգացման կենտրոն և այլն։
Ի դեպ, մամուլում հրապարակումներ են եղել, համաձայն որոնց «Ռենշին» ընկերության, այսպես ասած, հովանավորյալը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, մինչդեռ փոխվարչապետը հերքել է այդ լուրը։ Ընկերության սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանց բիզնեսների թվում են «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը և «Ինքոր» ներդրումային ընկերությունը։ Այս ընկերությանն է վստահված նաև համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցումը Հայփոստի շենքի տեղում։
Ուշագրավ է նաև, որ Օրբելի 23 հասցեում բիզնես կենտրոնի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու է պատվիրատու ընկերությունը, այսինքն՝ նույն «Ռենշին»-ը։
Թե հաջորդիվ ո՞ր ընկերությունը կորոշի անհամեմատ քիչ ծախս պահանջող պայթեցման մեթոդով շենք քանդել և հերթական անակնկալը մատուցել երևանցիներին՝ ցույց կտա ժամանակը: