կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-01 15:14
Մշակույթ

Մտածում եմ` կոլոտ, անհետաքրքիր մարդ եմ, բայց որ ծափ եք տալիս, ուրեմն երգերս սիրում եք. Հախվերդյան

Մտածում եմ` կոլոտ, անհետաքրքիր մարդ եմ, բայց որ ծափ եք տալիս, ուրեմն երգերս սիրում եք.  Հախվերդյան

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Ինչպես միշտ, յուրաքանչյուր երգից առաջ Հախվերդյանը զրուցում էր հանդիսատեսի հետ: Ներկայացնում ենք այդ զրույցը:

 

***

Զահլա չկա նոր երգեր գրելու, դրա համար էլ այսօր ձեզ արդեն ծանոթ երգերն եմ երգելու: Սիրո մասին լիքը երգեր ունեմ: Մինչև հիմա ոչ ոք չի պարզել' սերը հիվանդությո՞ւն է, խելագարությո՞ւն, թե՞...  Ես էլ.. ես հիմա թոռներիս եմ սիրում...

 

***

Մի երգ ունեմ' «Փոքրիկ ընկերը», գաղութում նստած երեխեքի մասին ա: Էդ երեխեքը մեղավոր չեն, որ էդտեղ են նստած, վերևներում նստածները պիտի նրանց տեղը լինեն: Վերև ասացի, հիշեցի' էս ինչ փոփոխություններ եղան' Աժ նախագահ ընտրվեց... Մեր խորհրդարանի ազգային արժեքն է Գալուստը: Գիտե՞ք' երկիրն է իրենցը, հայրենիքն իմն է, իմ հայրենիքն է: Մի անեկդոտ հիշեցի' չնայած ինչ անեկդոտ' ամենամեծ անեկդոտը Գալուստ Սահակյանն ա: Ինչ ասեմ' բարի, Գալուստ: Ես, հա, իրենց նման մեծահարուստ չեմ, բայց հարուստ եմ, որովհետև երգերս լսում են:

 

***

Մտածում եմ' կոլոտ, անհետաքրքիր մարդ եմ, բայց հետո էլ' որ ծափ եք տալիս, ուրեմն' երգերս ձեզ դուր են գալիս:

 

***

Մի օր Հարութենց /Փամբուկչյան/ տանը նստած էինք, ինքն ինձ ասաց, որ էլ չեմ կարողանում երգ գրել, ես էլ ջղայնացա ու իր ինադու երգ գրեցի: Մինչև չես ջղայնանում' կարգին ոչ մի բան էլ չես անում: Սևակն ասում էր' մինչև չգժվի' ծառը չի ծաղկի, ես էլ ասում եմ' մինչև չջղայնանք' նորմալ բան չենք ստեղծի: «Հիսունից հետո»-ն եմ երգելու, էս երգը տղամարդկանց մասին ա, ովքեր 50-ի շեմն անցել են: Մի օր փողոցում ինձ մի կին բռնացրեց ու ասաց' չե՞ք ամաչում, կարելի՞ ա տենց բաց ամեն ինչ գրել: Ես էլ ասացի' ինչ անեմ, ինչ զգացել եմ, էն էլ գրել եմ, կներեք:

 

***

«Կտակ» ձայնասկավառակս Գագիկ Ծառուկյանն ա հովանավորել, որ թողարկեմ: Հենց էնպես ա դա արել, բայց չգիտեմ էլ' ինքը լսե՞լ ա էդ CD-ին: Ես էլ տենց շատ տակտով մարդ չեմ ու չեմ նվիրել իրեն դեռ, բայց կուզեի նվիրել: Ի դեպ, էդ ձայնասկավառակը վաճառվում ա, չեմ սիրում գովազդ անել, արա, բայց պիտի, չէ՞, վաճառվի:

 

***

Ես միշտ պաշտամունքով եմ վերաբերվել հայ տիկնանց, ինչը չեմ կարող ասել տղամարդկանց մասին: Ով իր կնոջից չի վախենում, ղզիկ ա: Նժդեհն ասում էր' հայ կինն է ազգը: Ճշմարտություն կա էս խոսքի մեջ, որը, չնայած, ինձ դուր չի գալիս:

 

***

Ես արդեն խառնում եմ ժամանակները. բար էի գնացել, ասի' բուֆետչիկ, ինձ 100 գրամ լցրու, նեղացավ, թե' ես բարմեն եմ, բուֆետչիկ չեմ: Ասի' այ մարդ, մի նեղացիր, մեր ժամանակ բուֆետչիկ էինք ասում: Մարդկային արժեքները փողով են փոխարինվել, բայց, դե, կտեսնենք' էդ փողոտների հետ ինչ է լինելու: Ի դեպ, ով որ չի հասկանում ինչ եմ ասում, չի էլ հասկանա:

 

***

Այ մարդ, թե ով էր ինձ ասում' էսքան շատ երգեր գրեի: Մի բան ասեմ, չնեղանաք' ես համերգ տալիս եմ այն ժամանակ, երբ մոտս փող չի լինում: Շոուբիզնեսը վաղուց է սպանել երգը, երգը մի բան է, որը պետք է գրվի շատ քիչ, իսկ հիմա ով քնից զարթնում է, օրական տասը երգ է գրում, տասն էլ' տանջված սիրո մասին:

 

***

Ես ձեր միջոցով եմ ճշտում' երգը լա՞վն է, թե՞ ոչ: Երգ գրելը զզվելի աշխատանք է, պարկետ խփողի գործի նման ծանր աշխատանք է: Եթե կասկածում եմ, երգում եմ շատերի մոտ, ծափահարեցին' ոչինչ, վատ երգ չէ ուրեմն, եթե չէ' առը հա քեզ, այսինքն' դուք համահեղինակն եք իմ երգերի: Իսկ մեր երգիչները հիմա, երգը չերգած, ասում են' չեմ տեսնում ձեր ձեռքերը: Ես երևի հետամնաց եմ` բան չեմ հասկանում:

 

***

Ես փորձում եմ անել մի բան, որ մարդիկ իրենց մենակ չզգան: Ի դեպ, գիտե՞ք' ոնց եղավ, որ սկսեցի համերգներ տալ` սկզբում ձրի էի երգում, հետո ամուսնացա, պիտի տուն պահեի, երգում էի ու փող էին տալիս: Մտածում եմ' վատ փեշակ չի' համ դու քո ախմախ երգերն ես երգում, համ մարդիկ լսում են դրանք ու ծափահարում, համ էլ փող ես աշխատում:

 

***

Բոլոր կուսակցություններից ընկերներ եմ ունեցել, ամենաշատն էս կուսակցությունից, որ հիմա իշխող է: Լիքը նախարար ընկերներ եմ ունեցել, բայց հենց նախարար են դարձել, 3 հարկանի տուն են սարքել ու մոռացել ընկերությունը: Էս երգը /«Հին ընկեր»/ ընկերների մասին ա:

 

***

Եթե ժողովուրդը երգում է, դու էլ անելիք չունես: Երգը գրեցիր, վերջ, այն էլ քոնը չէ: Մի երգ կա' գրել եմ' ցույց տալու համար, որ ես էլ կարող եմ կոմերցիոն երգ գրել: Հիմա «Մեր սիրո աշունը» կկատարեմ:

 

Հախվերդյանին լսեց Կարինե Հարությունյանը