Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց սնանկ ճանաչված «Հին Էրիվան» ընկերության դեմ հայց ներկայացրածների նախնական ցանկի քննարկումը:
«Հին Էրիվանի» դեմ հայց էր ներկայացրել 13 պարտատեր, այդ թվում` «Յունիբանկ» ընկերությունը: Ընկերության դեմ ներկայացված պահանջները մեծ մասամբ աշխատանքային են, ամենամեծը «Յունիբանկի»` վարկային պայմանագրից բխող պահանջն է: Հայց է ներկայացրել նաև նախկին կառավարիչը: Սնանկության գործով կառավարիչը Ռուբեն Խալաթյանն էր:
Նիստի մեկնարկին դատավոր Սուքոյանը նշեց, որ իրենք այս գործի շրջանակներում լսելու են 13 տարբեր քաղաքացիական գործեր:
Բանկի ներկայացուցիչը միջնորդեց ծանոթանալ գործի նյութերում առկա փաստաթղթերին, ինչը դատավորը բավարարեց: Ներկայացուցիչը նշեց, որ գործում ներկայացված առարկություններն անստորագիր են և չեն կարող համարվել օրինական փոստաթուղթ: Նա միջնորդեց գործը քննել արագացված դատական կարգով և հաստատել պարտատերերի ցանկը:
«Հին Էրիվանի» ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ դեռևս ապրիլի 8-ին, օրենքով սահմանված կարգով, դատարան են մուտք եղել առարկությունները: Սակայն դատավորը, հետազոտելով փաստաթղթերը, փաստեց, որ իսկապես առարկություններն անստորագիր են: «Երևի մեր աշխատակազմի թերությունն է, տեխնիկական վրիպակ է»,- ասաց դատավորը` միաժամանակ նշելով, որ արագացված դատաքննության անցնելու հիմքերը բացակայում են:
Հայցվորի ներկայացուցիչը մեկ անգամ ևս միջնորդեց անցնել արագացված դատաքննության, սակայն դատավորը նշեց, որ արդեն որոշում կայացրել է և այն չի կրկնելու: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատավորն այսօրվա դատական նիստը հետաձգեց:
«Մեզ համար տարօրինակ էր այս ամենը, քանի որ մեր առարկությունները դատարան ենք մուտք արել սահմանված ժամկետում, սակայն, չգիտես` ինչու, պարզվեց, որ գործում ստորագրված առարկություներ չկան»,- մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբանը:
Մյուս ներկայացուցիչն էլ ասաց, որ դատարանի գրասենյակի աշխատողի ոչ թե առաջին, այլ միակ գործողությունն այն է, որ տեսնի` ներկայացված փաստաթուղթը ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ: «Հիմա մեզ փորձում են համոզել, որ դատարանի գրասենյակն անստորագիր փաստաթուղթ է ընդունել»,- նշեց նա:
Ընկերության սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը ևս իր զարմանքը հայտնեց կատարվածի կապակցությամբ: «Այստեղ ինչ-որ մի բան կար, որը մեր թիմի համար անհասկանալի էր: Մենք 30 անձով ներկայացել էինք դատարան, որպեսզի ճիշտ մարտավարություն վարենք, մենք մտադիր չէինք նիստը հետաձգել»,- ասաց նա:
Նշենք, որ «Հին Էրիվանի» շահերը ներկայացնում է 4 փաստաբան, այդ թվում `Հայկ Ալումյանն ու ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին: