կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 17:01
Քաղաքական

Եթե Նազարբաևը կարդում է Ալիևի նամակը, մենք էլ պետք է կարդանք Բակո Սահակյանի նամակը

Եթե Նազարբաևը կարդում է Ալիևի նամակը, մենք էլ պետք է կարդանք Բակո Սահակյանի նամակը

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի և հասարակության անհանգստությունը, Արցախի խնդրի հետ կապված, անտեղի է, որովհետև երեկ ՀՀ նախագահը յուրատեսակ ուղերձ էր հղել` ասելով` «պետք չէ Արցախը պաշտպանել ինձանից, դա անհեթեթ է, դա վիրավորական է», ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ Դաշակցությունն արդեն անցել է այդ զգացական փուլը:

 

«Ոչ մեկից էլ պետք չէ Ղարաբաղը պաշտպանել, ոչ ոք մյուսին չի կասկածում Ղարաբաղին նվիրված չլինելու մեջ: Իհարկե, նման խնդիր չկա, բայց հարցն այն է, որ եթե միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵՏՄ-ին պետք է անդամակցենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք անդամակցել, ուրեմն այս պարագայում դա տեղին չէ կիրառել, որովհետև Ադրբեջանը հարցեր է հարուցում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Նրա խոսքով` Ադրբեջանը ստիպում է, որ Հայաստանը հստակ ասի` ի վերջո, եղած դե ֆակտո հարաբերությունները Արցախի հետ պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ: Ըստ պատգամավորի` չի կարելի ասել, որ Հայաստանը ճանաչում է  Արցախի դե ֆակտո անկախությունը, բայց մեկ այլ դեպքում ասել, որ չենք ճանաչում Արցախը:

 

«Եթե Հայաստանը միշտ ասում է, որ չի փոխարինում Ղարաբաղին, որովհետև Ղարաբաղն անկախ պետություն է, ուրեմն դա պետք է բարի լինի անել մյուս բոլոր դեպքերում: Մենք ունենք փաստեր, երբ Հայաստանը փոխարինել է Ղարաբաղին, օրինակ` ՄԱԿ-ի հետ կապված բազմաթիվ ծրագրեր են եղել, երբ չեն խոսել Ղարաբաղի հետ և Ղարաբաղի «այո»-ն չեն ստացել: Երբ տեղը գալիս է, որ չփոխարինեն, լավ էլ փոխարինում են, բայց երբ տեղը գալիս է, որ չփոխարինելը օգտակար է` դիվանագիտական հմտությունների մեջ օգտագործելու, հիշում են, որ Ղարաբաղն անկախ է, և այլ պետության մասին է խոսքը գնում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայաստանը ստանձնել է պարտավորություն` ներկայացնել Ղարաբաղը բոլոր ատյաններում:

 

Ռուստամյանի խոսքով` առաջացել է հարց, որի պատասխանը չկա, ո՞վ է ԵՏՄ-ում ներկայացնելու Ղարաբաղի շահերը, և այդ հարցին պետք է պատասխան տան ոչ թե հպանցիկ հարցազրույցով, այլ խորքային հայեցակարգային մոտեցում ներկայացնեն, որն այսօր գոյություն չունի:

 

«Սա մեզ համար արջի ծառայություն է: Կարող է կանգնենք փաստի առաջ, որովհետև չգիտենք` վաղը կարող է որոշեն Ադրբեջանին էլ մտցնել ԵՏՄ, որպեսզի Ղարաբաղի հարցը մնա անորոշ վիճակում: Այսօր Ռուսաստանը Ադրբեջանի հետ դրա շուրջ է բանակցում, դա հնարավոր տարբերակներից մեկն է` հարցից խուսափելու համար, այսինքն` անել այնպես, ինչպես արել է Եվրախորհուրդը: Բայց չէ՞ որ մինչ այդ ուրիշ տրամաբանություն էր իշխում, որ Ադրբեջանը չի մտնում ԵՏՄ, Հայաստանն է մտնում, և կարելի էր դա օգտագործել ի նպաստ Ղարաբաղի և բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար: Այ, սա մենք չենք տեսնում, և դա ոչ միայն տհաճ է, այլև անընդունելի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Պատգամավորը շեշտում է, որ աշխարհաքաղաքական ընտրության դեպքում Հայաստանը չպետք է մոռանա Արցախի մասին, և եթե Նազարբաևը կարդում է Ալիևի նամակը, ուրեմն մենք պետք է կարդանք Բակո Սահակյանի նամակը, բայց ոչ ոք չի տեսնում, որ նման նամակ է պատրաստվում: