կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 16:20
Քաղաքական

«7 կետ»-ում Դաշնակցությունը կուսակցական շահ չունի

«7 կետ»-ում Դաշնակցությունը կուսակցական շահ չունի

Դաշնակցությունը չի տեսնում տարբերություն այն հարցում, թե ով է մերժում Դաշնակցության «յոթ կետը»` իշխանությո՞ւնը, թե՞ որևէ այլ քաղաքական ուժ, որովհետև այդ կետերն ասում են, որ ընտրությունների արդյունքում հաղթողը չպետք է ստանա ամեն ինչ, իսկ պարտվողը` ոչինչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ առկա խնդիրները արդյունք են այն բանի, որ ներկա կառավարման համակարգում իշխանությունը հավասարակշռված չէ` իշխող կուսակցությունը սերտաճած է պետության հետ, իսկ պարտվողի ձայնը հաշվի չի առնվում որոշումների կայացման ժամանակ:

 

«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այս ամենը փոխելուն, ինձ համար կասկածելի են, չեմ ուզում անուններ տալ: Այս յոթ կետերի մեջ Դաշնակցության կուսակցական շահը չկա: Մարդիկ չեն ուզում իշխանությունը փոքրացնել, որովհետև մտածում են, որ իրենք գան իշխանության, չեն կարողանա օգտվել այդ միահեծանությունից: Իհարկե, գայթակղությունը մեծ է: Ուրեմն` որ քաղաքական ուժը հենց սկզբից ասի, որ կողմ է բալանասավորված իշխանությանը, մենք կարող ենք նրանց հետ երկար ճանապարհ գնալ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ խորհրդարանում ոչ իշխանական չորս ուժերի միջև համագործակցությունը շարունակվելու է, թեև կան մի շարք հակասություններ տարբեր քաղաքական ուժերի միջև: Այնուամենայնիվ, նրա խոսքով, միշտ էլ հնարավոր է գտնել քայլեր ու անելիքներ, որոնք կհամաձայնեցվեն չորս ուժերի կողմից` դառնալով լրացուցիչ ճնշում իշխանության վրա:

 

Բանախոսները նշեցին, որ կիսանախագահական կառավարման համակարգը չի նպաստում երկրի արդյունավետ կառավարմանը, քանի որ հնարավորություն է տալիս մեծամասնությանը որոշել ամեն ինչ ու թելադրող լինել, ահա` ինչու Դաշնակցությունը պատրաստակամ է ներգրավվել սահմանադրական փոփոխությունների բոլոր քննարկումներում, որպեսզի ապացուցեն հանրությանը, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ համակարգ է:Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնք միմյանցից դժգոհում են, որովհետև այն համակարգը, որը կա, արտոնյալ վիճակ է ստեղծում իշխանության մեջ գտնվողների համար` աղավաղելով արդարության սկզբունքը: Ուստի պետք է փոխել համակարգը այնպես, որ հաղթողը չստանա ամեն ինչ, իսկ պատվողը` ոչինչ:

«Մենք դեմ ենք, որ սահմանադրական փոփոխությունները հետաձգվեն, ու մենք պատրաստ ենք ցանկացած պաշտոնյայի հետ`  վարչապետ կլինի, թե` նախագահ,  քննարկել ու ներկայացնել մեր փաստարկները»,- ասաց Աղվան Վարդանյանը: