Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում են քննարկումները պետական համակարգում նոր թափ առնող, այսպես կոչված՝ օպտիմալացման խնդիրների շուրջ:
Առաջին հայացքից այս գործընթացները, կարծես, հիշեցնում են նախկին իշխանությունների կողմից մոտ անցյալում մեկնարկած՝ պետական համակարգի աշխատատեղերի կրճատման նույնաբովանդակ շարունակությունը:
Միանգամից հարկ է նկատել, որ պետական գործառույթների պատվիրակումը մասնավորին, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո՝ աշխատատեղերի կրճատումները ինքնին չեն կարող համարվել համակարգային օպտիմալացում և առնվազն չեն հանգեցնելու պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Օպտիմալացման գործընթացները միագործոն չեն և համակարգային առումով սխալ կլինի դրանց հանգուցալուծումը միայն որոշակի ընդհանրական տպավորություններով: Ասենք օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի»:
Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ և ավելորդ շտապողականությամբ, օբյեկտիվորեն առաջ են գալու համակարգային՝ չլուծված ավելի շատ խնդիրներ:
Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից և ինքնաբերաբար պետք է հանդիսանա վերջին փուլը:
Նախ՝ պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի հետագա զարգացման ծրագիրը և պետության դրական պարտավորությունները, այն է՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում:
Հետո անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան հնարավոր կլինի ձևավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը:
Միայն այս հիմնարար քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորին փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջև և դրանց ներսում պետական ռեսուրսների տրամաբանական վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա:
Հետևաբար՝ հիմնավոր, չափելի ու տեսանելի կդառնան նաև պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք օպտիմալացման արդյունքում անխուսափելիորեն ենթակա են վերաբաշխման կամ կրճատման:
Պակաս կարևոր չէ նաև առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է՝ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների ընտրությունը կազմակերպել բացառապես արդար և մրցակցային սկզբունքների հիման վրա:
Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական և մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե՝ կուսակցական պատկանելությանը կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին:
Այս կարևոր և բարդ գործընթացները յուրաքանչյուր դեպքում անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելիություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում:
Այսինքն՝ պետական համակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու և նրանց կարիերայի աճի համար պետք է ստեղծվեն արդար, հավասար ու իրական հնարավորություններ:
Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվեն և թերագնահատվեն պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական սոցիալական ազդեցությունը աշխատանքը կորցնող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա:
Օպտիմալացման գործընթացները պետք է ունենան սոցիալական լիարժեք բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց սոցիալական կարիքների և դրա հետևանքով առաջացող առարկայական խնդիրների լուծման հնարավորությունների համալիր գնահատման հենքով:
Յուրաքանչյուր կրճատվող աշխատատեղը զբաղեցնող պետական ծառայողի համար պետք է պետական աջակցությամբ ապահովվի սեփական քրտինքով կայուն եկամտի հնարավորություն՝ հարմար աշխատանք կամ ինքնազբաղվածություն, որից հետո նոր պետք է լուծվի նրա աշխատանքային պայմանագիրը:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ