Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանն առաջին, քիչ, թե շատ, սուր արձագանքը հնչեցրեց, որքան էլ տարօրինակ թվա, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը` «Օրինաց երկիր» կուսակցությունը: Գրեթե նույն պահին, երբ Սերժ Սարգսյանը կառավարության աշխատակազմին էր ներկայացնում նոր վարչապետին, ՕԵԿ-ը հաղորդում տարածեց, որ ապրիլի 16-ին կայանալու է կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվեն «Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը եւ ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր»: Հայաստանում քաղաքական իրավիճակի միակ փոփոխությունը եղել է վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականը և Հովիկ Աբրահամյանին այդ պաշտոնում նշանակելը: Կարելի է եզրակացնել, որ ՕԵԿ-ը վաղը դիրքորոշում է հայտնելու հենց այդ կապակցությամբ:
Մինչդեռ պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ այդ դիրքորոշումը ՕԵԿ-ը ոչ թե վարչապետի նշանակումից հետո պետք է հայտներ, այլ դրանից առաջ: Նախ` այն ՀՀԿ-ի, այսպես կոչված, հիմնական կոալիցիոն գործընկերն է` առնվազն ֆորմալ առումով, կիսում է կառավարության գործունեության պատասխանատվությունը: Հետևաբար` առաջինը, ում հետ պետք է իր քայլերը համաձայնեցներ Սերժ Սարգսյանը, հատկապես` նոր վարչապետի նշանակման առումով, հենց ՕԵԿ-ն էր: Երկրորդ` ըստ Սահմանադրության` նոր վարչապետի թեկնածությունը նախագահը հաստատում է խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում, ինչը նշանակում է, որ հարցը պետք է առնվազն քննարկված լինի նաև ՕԵԿ-ի հետ: Եվ եթե, այս ամենով հանդերձ, ՕԵԿ-ը հայտարարում է դիրքորոշումը նոր միայն հստակեցնելու մասին, ապա կարելի է անելի երկու հնարավոր հետևություն` կա'մ նախագահն ընդհանրապես ՕԵԿ-ի հետ չի համաձայնեցրել Հովիկ Աբրահամյանին նշանակելու որոշումը, կա'մ համաձայնեցրել է այն չափով, որքանով խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի հետ: Երկու դեպքն էլ ՕԵԿ-ի համար, մեղմ ասած, խիստ վիրավորական է:
2008-ից առ այսօր ՕԵԿ-ը զբաղված է եղել` միմիայն նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ապացուցելով և այդ հարցում նույնիսկ ՀՀԿ-ից ավելի ՀՀԿ գտնվելով: Դրա համար, ի դեպ, արժանացել է նաև խրախուսանքի: Իր հավատարմության և վստահելիության համար Սերժ Սարգսյանը դեռևս 2012թ. մարտին ՕԵԿ-ին հռչակել էր քաղաքականության մեջ «բարոյականության տիպար»: Հիմնական գործընկերոջը, բառի բուն իմաստով, բանի տեղ չդնելու ներկայիս քայլը, սակայն, ցույց է տալիս, թե իշխանության համար այդ բարոյականության տիպարը քանի գրոշի արժեք ունի:
Մեկ անգամ չէ, իհարկե, որ ՕԵԿ-ը կուլ է տվել ՀՀԿ-ի կողմից նվաստացման ենթարկվելու փաստերը: Կարելի է ասել` ինքնահարգանքի վրայով քայլելով` կուսակցությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել դրանց նկատմամբ: Սակայն որքան էլ հասկանալի է նոր վարչապետի նշանակման հարցում դիրքորոշում հստակեցնելու մասին հայտարարությամբ կուսակցական և մարդկային արժանապատվության խոցվածության աստիճանը ցուցադրելու` ՕԵԿ-ի մղումը, դրա ներքո առկա են պրագմատիկ քաղաքական հաշվարկներ: Նախ` Հովիկ Աբրահամյանի նշանակումն օրակարգում է պահելու նոր կոալիցիոն ձևափափ ստեղծելու և կառավարությունն ըստ դրա ձևավորելու հարցը: ՕԵԿ-ի համար դա ինքնըստինքյան օրակարգային է դարձնում գործադիրում իրեն տրված պորտֆելների ճակատագրի հարցը: Արթուր Բաղդասարյանը լավ է հասկանում, որ կոալիցիայի ընդլայնումը, անկասկած, լինելու է հենց ՕԵԿ-ի և նրա լծակների հաշվին, ուստի ձգտելու է այս ընթացքում թե' Սերժ Սարգսյանից և թե' Հովիկ Աբրահամյանից երաշխիքներ ստանալ, որ պահպանելու է նախարարական պորտֆելները: Մեծ հաշվով այդ պորտֆելնելի իրական քվոտան եղել և մնում է ՀՀԿ-ի ձեռքում: Բայց սա այն գինն է, որ վճարում է Բաղդասարյանը անձամբ իր համար` իշխանական էշելոնում մնալու և դրա ստվերում սեփական բիզնեսները ծաղկեցնելու նպատակով: Հետևաբար, Բաղդասարյանը պետք է հասկանա` պահպանվելո՞ւ է այս պարիտետ, որքանո՞վ է հակված նոր վարչապետը խախտել այն: Այս իմաստով ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստի հրավիրման մասին տեղեկացումը հնչում է ավելի շատ որպես նոր վարչապետի հետ պաշտոնների համար «բազարների» առաջարկ, ինչ-որ իմաստով պահանջագրի ներկայացում` իբր, տեսեք, եթե ՕԵԿ-ի մինիմալ պահանջները չբավարարվեն, այն կարող է լքել կոալիցիան:
Երկրորդ` Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ նոր վարչապետի նշանակմամբ տեղի է ունենում նաև ապագա իշխանության ձևավորում, որոշվում է իշխանության ժառանգորդի հարցը: Չի բացառվում, որ հոգու խորքում նա երազել է դառնալ իշխանության` Սերժ Սարգսյանի «ժառանգորդը»: Բայց, իրեն շրջանցելով, վարչապետի նշանակմամբ, այն էլ` այնպիսի ֆիգուրի, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, Արթուր Բաղդասարյանին հասկացնում են, որ դա բացառված է: Նա հավատարմության երդում է տվել միայն Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե Հովիկ Աբրահամյանին կամ որևէ այլ մեկի, և նախագահական ամբիցիաներից հրաժարվել է, որովհետև եղել է անձամբ Սերժ Սարգսյանի գործոնը: Վերջինս ոչ միայն, ըստ Սահմանադրության, նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք չունի, այլև օրեր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ այլևս երբեք երկրի ղեկավար պաշտոններ չի զբաղեցնելու: Սա նշանակում է, որ Բաղդասարյանն ազատվում է Սերժ Սարգսյանին տված հավատարմության երդման կաշկանդումներից ու պարտավորություններից: Եվ այստեղ հարց է առաջանում` ընդունելո՞ւ է, արդյոք, Բաղդասարյանը իրեն պարտադրվող քաղաքական նոր խաղը, համակերպվելո՞ւ է հետայսու ևս իշխանության կցորդի կարգավիճակում մնալու հեռանկարի հետ, թե՞, այնուամենայնիվ, փորձելու է հարթել դեպի Բաղրամյան 26 տանող` իր համար մշտապես բաղձալի ուղին և որոշելու է մտնել ռեաբիլիտացիայի փուլ:
Եթե Բաղդասարյանը դեռ ՀՀ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի, ապա սա լավագույն պահն է` բեկումնային որոշում կայացնելու համար: Հովիկ Աբրահամյանի հանդեպ նա պարտավորություններ չունի, իսկ համապետական ընտրություններին դեռ երեք տարի կա: Սա շանս է` աստիճանաբար ընդդմադիր դաշտ տեղափոխվելու և զրոյական վարկանիշը գոնե ինչ-որ չափով վերականգնելու փորձ կատարելու համար: Եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականն այսքան անսպասելի չլիներ նաև Բաղդասարյանի համար, ապա նա գոնե կփորձեր այս ընթացքում հենց իշխանության մեջ ընդդիմության իմիջ ձեռք բերել, որը լուրջ կապիտալ կլիներ` արդարացնելու համար կտրուկ անցումը դեպի ընդդիմություն: Այդ ռեսուրսն այսօր Բաղդասարյանը չունի և տևական ժամանակ չի ունենալու: Բայց դա չի նշանակում, թե չպետք է մտածել նաև ստեղծելու մասին: Հետևաբար, չի բացառվում, որ ՕԵԿ-ը որոշում կկայացնի առժամանակ մնալ իշխանական կոալիցիայում, արտաքուստ ժամանակավորապես համակերպվել իրեն վերապահվելիք ավելի ու ավելի նեղացող դերակատարությանը, բայց այդ ժամանակահատվածը ծառայեցնել ներքին ընդդիմության նոր իմիջ ստեղծելուն:
Գևորգ Աղաբաբյան