Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերահսկիչ պալատի ընթացիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս հնարավոր է գնման արդյունավետությունն էլ ավելի բարելավել' խնայելով պետական բյուջետային միջոցները: 2013 թվականին իրականացված վերահսկողության արդյունքում Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ ու թերություներ է հայտնաբերել պետական գնումների ոլորտում, որոնց մասին նշվում է օրերս հրապարակված` ՎՊ 2013թ հաշվետվությունում:
Այդ խախտումներն ու թերությունները, ինչպես նշվում է, հիմնականում պայմանավորված են ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168 որոշման պահանջների խախտմամբ: Օրինակ' առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ: Այսինքն' ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվում:
Եթե ՎՊ-ն նշում է «խտրական վերաբերմունք», «թույլ են տալիս» բնորոշումները, այստեղ ենթադրվում է, որ կանխամտածված է այդ ամենը կատարվում, հետեւաբար` ակնկալվում է, որ գոնե ինչ-ինչ քննություններ կամ վարույթներ պետք է սկսվեն: Սակայն գոնե լայն հասարակայնությանն այդպիսի դեպքեր դեռ հայտնի չեն:
ՎՊ-ն, սակայն, որպես այս խնդրի հիմնական պատճառ է ընդունում այն, որ գնումն իրականացնելուց առաջ գնահատող պատասխանատու հանձնաժողովները, խախտելով ՀՀ կառավարության հիշյալ որոշման պահանջները, լիարժեք չեն ուսումնասիրում շուկայում գործող գները:
«Հատկանշական է, որ մասնավոր ընկերությունը որևէ ապրանք, աշխատանք կամ ծառայություն շուկայում մեկ այլ մասնավոր ընկերությունից ձեռք է բերում ավելի ցածր գնով»,- նշվում է ՎՊ 2013թ. հաշվետվությունում:
Մեկ այլ խնդիր է հայտնաբերել ՎՊ-ն' որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում և արդյունքում ձեռք բերվող ապրանքը կամ աշխատանքն ու ծառայությունը հետագայում որևէ կերպ չեն ծառայում իրենց նպատակին կամ մասնակի են ծառայում: Նվազում է գնումների նպատակայնությունն ու հասցեականությունը: Բացահայտվում են դեպքեր, երբ որևէ սարքավորման ձեռքբերումից հետո է միայն պարզվում, որ տվյալ պետական մարմինն ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ այն օգտագործել: Կամ մատուցված խորհրդատվությունը, որը նպատակ ունի լուծելու որևէ խնդիր, այդպես էլ չի ծառայում իր նպատակին: Դա պատճառ է այն բանի, որ չկան արդյունքային հստակ ցուցանիշներ:
Սրանք, թերևս, այն դեպքերն են, որ ինչ-ինչ շահերից կամ նկատառումներից ելնելով, որոշ գերատեսչություններ իրենց ծանոթ-բարեկամի կամ ուղղակի «գործընկերոջ» համար բիզնես են ստեղծում: Այիսնքն' ինչ-որ իքս մարդ կամ ընկերություն ունի ինչ-որ իգրեկ ապրանք կամ ծառայություն, որը պետք է իրացնել: Այստեղ կան «ատկատների» ռիսկեր, քանի որ այդ դեպքում օգնության են գալիս պետական ինչ-որ գերատեսչության հետ ունեցած կապերը, ու այդ գերատեսչությունը հայտնում է, թե իրեն պետք է այսինչ ապրանքը, ենթադրենք' գերժամանակակիչ սքաներ կամ այսինչ որակի թուղթ, որն, իրականում, պետք չէ, այլ ուղղակի այն գնվում է, իսկ վաճառքից գոյացած միջոցներից ապրանք կամ ծառայություն վաճառած ընկերությունը բաժին է հանում այդ գործը հաջողեցնողին, իհարկե' «մաղարիչի» կամ նվերի տեսքով: Ու քանի որ ձեռք բերված ապրանքը կամ ծառայությունն իրականում պետք չեն տվյալ գերատեսչությանը, ստացվում է, որ պետական միջոցները անարդյունավետ են ծախսվել:
Պետական գնումների համակարգում նմանատիպ խնդիրներից խուսափելու, սուբյեկտիվիզմն ու մարդկային միջամտությունները հնարավորինս չեզոքացնելու ուղղությամբ համակարգում բարեփոխումներ են կատարվում: Դրանցից մեկն էլ, ինչպես հայտարարվում էր, 2004 թվականից մեկնարկած` «էլեկտրոնային գնումների համակարգի» ներդրման գործընթացն է: Սակայն այստեղ նույնպես ՎՊ-ն խախտումներ ու թերություններ է հայտնաբերել: Օրինակ' թեև 2011 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ էլեկտրոնային գնումների համակարգն արդեն ձևավորված է, և որ շուտով հանրային գնումները կիրականացվեն արդեն լավագույն ճանապարհով, սակայն 2012 թվականին Վերահսկիչ պալատի կատարած դիտարկումները ցույց տվեցին, որ համակարգը փաստացի չէր գործում, ավելին' ծրագրի կոդերը պարզապես գոյություն չունեին:
Դրանից հետո, ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ, մշակվեց էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխումների 2013-2015 թթ. ճանապարհային քարտեզը, որով նախատեսվեց շտկել խափանված համակարգը, սակայն ՎՊ 2013 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկա փուլում էլեկտրոնային գնումների «հատվածային» ներդրման արդյունքում գնումների արդյունավետության և թափանցիկության բարձրացման ակնկալիքները դեռևս չեն ապահովվում:
«Դրա մասին են վկայում նաև վերջերս Եվրոպական Հանձնաժողովի կողմից կատարված դիտարկումները, ըստ որոնց, գնումների ոլորտում Հայաստանում առցանց ծառայությունների բարելավման աստիճանը դեռևս ցածր է: Հայաստանը 190 երկրների ցանկում զբաղեցնում է 94-րդ տեղը»,- նշվում է ՎՊ հաշվետվությունում:
Գնումների համակարգում տևական ժամանակ առկա մեծ թվով խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև անարդյունավետ բյուջետային ծախսերը վկայում են, որ համակարգը լիովին չի արդարացնում սպասելիքները, արդյունքում` առաջանում են անցանկալի հետևանքներ: Իսկ ՎՊ-ն խոստանում է, որ գնումների ոլորտը, որպես վերահսկողական առաջնահերթություն, մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: