կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-12 12:13
Հասարակություն

Բնապահպանության ոլորտում ՎՊ-ն մի շարք էական խախտումներ ու թերություններ է բացահայտել

Բնապահպանության ոլորտում ՎՊ-ն մի շարք էական խախտումներ ու թերություններ է բացահայտել

Բնապահպանության ոլորտում 2013 թվականին ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Բացահայտվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ: Մասնավորապես' արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից արգելոցային ռեժիմի խախտմամբ իրականացվել է ապօրինի հողօգտագործում: Արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով տնօրինվող 117 քմ մակերեսով  շինությունների  սպասարկման համար հատկացված 1375 քմ մակերեսով հողատարածքի փոխարեն ինքնակամ օգտագործվում է շուրջ 3-ից 4 հեկտար: Այստեղ պետք է ասել' բնապահպանների ականջը կանչի...

 

Բայց արգելոցում ամեն ինչ այսքանով չի վերջանում: Արձանագրվել է նաև, որ արգելոցի ճանապարհների ուղեփակոցները պատշաճ  չեն  հսկվում, արգելոցի սահմաններին և մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ և հսկողության  տեխնիկական միջոցներ: Համայնքային արոտավայրեր և խոտհարքեր տանող ճանապարհների բացակայության պատճառով օգտագործվում են արգելոցի տարածքները:

 

«Ակնհայտ է, որ արգելոցում իրականացվող պահպանության աշխատանքը չունի բավարար արդյունավետություն, քանի որ նախատեսված է, որ յուրաքանչյուր տեսուչին բաժին է ընկում արգելոցի 700 հա տարածք: Պարզ է, որ դա չի կարող իրատեսական լինել: Դեռ ավելին, տեսուչները լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական և տրանսպորտային միջոցներով»,- արձանագրում է ՎՊ-ն:

 

Արգելոցի գործող սահմանները չեն համապատասխանում էկոհամակարգերի զարգացման և պահպանման պայմաններին: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանով, տարածքը էկոհամակարգերի ընդգրկման տեսակետից առավել ամբողջական դարձնելու, սահմանների կտրտվածությունը վերացնելու նպատակով առաջարկվել էր արգելոցին միացնել 5849.7 հա հողեր, որը մինչ օրս  դեռևս չի կատարվել:

 

ՎՊ-ն խնդիրներ է տեսել նաև արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր և Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչների գյուղատնտեսական գործունեության մասով' նշելով, թե այդ մարդիկ խախտում են պետական արգելոցի պահպանության ռեժիմը' նրանց բնակության տարածքներում անվերահսկելի է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությունը: Պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը:

 

Բնապահպանական պետական տեսչության նկատմամբ իրականացված վերահսկողությամբ նույնպես խախտումներ ու թերություններ են արձանագրվել: Մասնավորապես' թեև բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 2012թ. և 2013թ. ծրագրերով նախատեսված է եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել ստուգումներ, այնուամենայնիվ, հաշվետու ժամանակաշրջանում փաստացի որևէ ստուգում չի կատարվել և, բնականաբար, որևէ խախտում չի արձանագրվել:

 

Այստեղ հետաքրքիր են ՎՊ-ի կողմից նշվող թվերը, ըստ որոնց' ստուգումների ծրագիրը 2012 թ.-ին կատարվել է 27.2 տոկոսով, 2013թ.-ին' 7.5 տոկոսով, իսկ 2013թ. ծրագրով նախատեսված 2593 օբյեկտներից ստուգումներ իրականացվել են ընդամենը 65-ում կամ ծրագրով նախատեսվածի  2.5 տոկոսում:

 

Ուշագրավ պատկեր է ստացվում նաև նշանակված տուգանքների գումարներից պետբյուջե մուծված մասի առումով: Ինչպես նշվում է ՎՊ հաշվետվությունում, 2011 թվականի հունվարի 1-ից 2013 թվականի հունվարի 1-ն ընկած  ժամանակահատվածում արձանագրված խախտումներով' նշանակվել են 560 միլիոն 713 հազար դրամի տուգանքներ, որից պետական բյուջե  մուտք է եղել  286 միլիոն 520 հազար դրամ: Չի վճարվել 274 միլիոն 193 հազար դրամ կամ արձանագրված և վերականգնման ենթակա գումարի  48.9 տոկոսը: Հարց է առաջանում' իսկ ի՞նչ է եղել պետական բյուջե մուտք չարված գումարների հետ...   

 

Պարզվել է, որ տեսչության կողմից պատշաճ չի հսկվել ստուգման արդյունքներով խախտումների վերացման ուղղությամբ տնտեսվարողներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այսինքն' մարդիկ թքած ունեն' իրենց տրված հանձնարարականները կատարվե՞լ են, թե՞ ոչ: Երևի մտածել են, թե իրենց գործը միայն ստուգում անելն ու «պտիչկա» դնելու համար հանձնարարական մրոտելն է:

 

Ուշագրավ է նաև ՎՊ հաջորդ արձանագրված խախտումը. պարզվում է' խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջը' նմանատիպ խախտման համար տարբեր տնտեսվարողների նկատմամբ  չի ապահովվել բնապահպանական օրենսդրության միատեսակ կիրառումը, որոշ դեպքերում արձանագրվել է միայն վարչական իրավախախտում, իսկ նմանատիպ այլ դեպքերում կայացվել են որոշումներ ինչպես վարչական իրավախախտման, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման համար: Միայն կարելի է ենթադրել, թե ում հանդեպ են առավել «մեղմ» եղել, իսկ ում հանդեպ «խիստ» ու «հետևողական»...

 

ՎՊ-ն արձանագրել է նաև, որ տեսչության կողմից վերահսկողություն, իսկ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել հողային, թափոնների, աղբահանության մասով ՀՀ օրենսդրության կատարման նկատմամբ: Համայնքներում աղբի տեղադրումը իրականացվել է ապօրինի աղբավայրերում, բնակավայրերի մերձակա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, ճանապարհների և ջրային ռեսուրսների հարևանությամբ, իսկ բնապահպանական վճարներ հիմնականում չեն վճարվել: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 01.01.2011-01.11.2013թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարին մակերևութային ջրերի աղտոտվածության դեպքերի համար տրված 151 հաղորդումների վերաբերյալ էլ տեսչության կողմից  միջոցառումներ չեն  ձեռնարկվել:

 

Այս ամենից ակնհայտ է' բնապահպանության նախարարությունում որոշ շատ կարևոր օղակներ ուղղակի անգործության են մատնված: Ու այս դեպքում էլ ինչպես էր բնապահպանության նախկին նախարարը պարզ երեսով կռիվ տալիս իր աշխատանքից դժգոհող բնապահպան ակտիվիստների հետ...