կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-28 13:10
Հասարակություն

ԱԻՆ-ը «Փեթակ» և «Երևան» տոնավաճառներում իրականացրած վարժանքների ընթացքում թերություններ է հայտնաբերել

ԱԻՆ-ը «Փեթակ»  և «Երևան» տոնավաճառներում իրականացրած վարժանքների ընթացքում  թերություններ է հայտնաբերել

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) և «Երևան» (հասցե՝ Ս.Զորավարի փ. 11/1շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Համաձայն վարժանքների սցենարի՝ տոնավաճառներում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել:

Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, և առաջին հարկը ծխապատվել է, առկա է մարդկանց տարահանման խնդիր: Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում:

Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, մասնավորապես՝ բացթողումներ տարահանման պլաններում, տոնավաճառներում ապրանքների ոչ ճիշտ տեղակայում և դասավորություն, որը հրդեհի դեպքում կխոչընդոտի մարդկանց տարահանմանը, հրդեհաշիջման և ազդարարման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, տարհանման նեղ ուղիներ և ելքեր, հրդեհաշիջման պարզագույն միջոցների ոչ բավարար քանակը և այլն:

ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: