կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 14:59
Հասարակություն

Խախտումներ են հայտնաբերվել գնումների ընթացակարգերում

Խախտումներ են հայտնաբերվել գնումների ընթացակարգերում

Վերահսկիչ պալատի` 2012 թվականի տարեկան հաշվետվությունում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում արձանագրված խախտումները վերաբերել են նախարարության համակարգում գործող երեխաների գիշերօթիկ 5 հաստատություններում եւ տարեցների 3 տուն-ինտերնատներում իրականացված գնումների ընթացակարգերին. կառավարության նիստում այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Նախարարը նշեց, սակայն, որ մինչ այդ հաշվետվությունը իրենք արդեն գիտեին այդ խնդիրների մասին եւ հանձարարականի հիման վրա կանոնակարգել էին խնդիրները:

 

«Առաջին հերթին խնդիրները վերաբերում են գնումների տեխնիկական բնութագրերին, ՊՈԱԿ-ների կողմից կատարվող գնումներում չկան համապատասխան տեխնիկական բնութագրեր եւ այլն: Այս բոլոր գործընթացները կանոնակարգվել են, եւ դրա արդյունքը, ըստ էության, այս տարվա առաջին եռամսյակում կատարված գնումներն են, երբ շուրջ 1 միլիարդ դրամի գնումների արդյունքում նախարարությունն ունեցել է շուրջ 150 միլիոն դրամի խնայողություններ: Եվ այն բոլոր ընթացակարգերը, որոնց մասին նշված է հաշվետվություններում, բոլորի մասին հանձնարարականները տրվել են ընթացակարգերը խստագույնս պահպանելու համար»,- պարզաբանումները ներկայացրեց նախարարը:

 

Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած նախարարությունը, ֆինանսների նախարարության հետ, իրականացրել է իրենց ՊՈԱԿ-ների գնումների մասնագետների վերապատրաստում` որակավորման բարձրացում: Ուստի, կարծիք հայտնեց Արտեմ Ասատրյանը, որ առաջիկայում այդ կարգի խախտումներ, որպես այդպիսին, չեն լինի:

 

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ կան որոշակի խնդրահարույց ընթացակարգեր` կապված երեխաների` գիշերօթիկ հաստատություններ եւ տարեցների` տուն-ինտերնատներ ընդունելության, խնամքի եւ այլ կարգերի հետ, եւ խնդիրները, ինչպես խոստացավ նախարարը, որոշումների տեսքով կներկայացվեն կառավարությանը: