կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 12:57
Իրավական

Արդարադատության նախարարության աշխատողների կողմից ծեծի ենթարկված Արմանը պատմում է միջադեպի մասին

Արդարադատության նախարարության աշխատողների կողմից ծեծի ենթարկված Արմանը պատմում է միջադեպի մասին

32-ամյա Արման Գասպարյանին արդարադատության նախարարարության աշխատակիցները ծեծել ու հայհոյել են: Դրա մասին վկայող ձայնագրությունը Արմանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որն էլ հրապարակեց այն:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արման Գասպարյանը պատմեց, որ մարտի 24-ին` ժամը 13-ի սահմաններում, իր մեքենայով ընկերոջ ու նրա քաղաքացիական կնոջ հետ գնացել են արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենքը: Բարձրացել են երկրորդ հարկ, սակայն այդ պահին մի պաշտոնյա (ով, հետագայում պարզվել է, որ փոխգնդապետ է), բավական կոպիտ ձևով հարցուփորձ է արել` ով են, ինչու են բարձրանում, այնուհետև դուրս է հանել Արմանին:

 

«Իրենք լավ չէին խոսում, ես էլ ասացի, որ եթե էսօր պաշտոնի եք, դա չի նշանակում, որ կարող եք քաղաքացու հետ ոնց ուզեք` խոսեք: Հինգ րոպե հետո ընկերս զանգեց, ասաց, որ ինձ վերև են կանչում: Էդ պահին ես մտածեցի, որ էստեղ մի բան էն չի, միացրեցի հեռախոսիս ձայնագրիչը, մոտեցա դռանը: Ինձ էնտեղ արդեն մի հոգի սպասում էր»,- պատմեց Ա. Գասպարյանը:

 

Երբ մտել է սենյակ, 4-5 հոգի են եղել սենյակում, ընկերոջը դուրս են հանել այդ սենյակից, ասել` աստիճանների մոտ սպասի, ու սկսել են ծեծել, հայհոյել Արմանին:

 

Մեր հարցին, թե ինչո՞ւ էին վերև կանչում, ծեծելո՞ւ համար, Արմանը պատասխանեց. «Հա, հատուկ ծեծելու համար»:

 

Հիշեցնենք, որ ձայնագրության հրապարակումից հետո արդարադատության նախարարությունը նույնպես արձագանքեց դրան, հրապարակվեցին անուններ, իսկ երեկ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով  քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից, իսկ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

 

Թե ի՞նչ կարծիք ունի այս պատիժների վերաբերյալ, Արմանը պատասխանեց. «Թող պետությունը որոշի` ինչպես վարվել: Ես պարզապես ներկայացրել եմ, որ հանցագործություն է եղել»: Հարցին` արդյո՞ք սպառնալիքներ, ճնշումներ եղել են իր նկատմամբ հանցագործության մասին ահազանգելուց հետո, Արմանը պատասխանեց` ոչ, ոչ ոք չի զանգել, չի փորձել կապ հաստատել իր հետ:

 

Ա.Կ.