կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 10:38
Աշխարհ

«Հայհոյեցին մորս...». Էրդողանի թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված 61-ամյա տղամարդը պատմել է կատարվածի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, հույների, եզդիների և քրդերի, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ըստ որոշ տեղեկությունների՝ 2 հոգի ձերբակալվել էր:

Հարձակման ենթարկված 61-ամյա ցուցարար Սեյիդ Ռըզա Դերսիմին, ով 1992-ից ի վեր ԱՄՆ քաղաքացի է, The Guardian-ի հետ զրույցում պատմել է դեպքի մասին: Դեմքի հատվածում ստացած հարվածի հետևանքով ատամը կորցրած տղամարդը անընդունելի է համարել հարձակումը՝ նշելով, որ այդ ամենն իրականացվել է Էրդողանի թիկնապահների կողմից:

«Կոստյումով տղամարդիկ մոտեցան և սկսեցին հայհոյել մորս: Ես տեսա այն պահը, երբ նրանք բռնեցին մի կնոջ վզից և հարվածեցին դեմքին: Մոտեցա՝ օգնելու, բայց չորս հոգի նետվեց ինձ վրա և սկսեց ոտքով հարվածել դեմքիս: Չկարողացա գետնից վեր կենալ: Փորձեցի ձեռքերովս ծածկել գլուխս: Չհասկացա՝ որքան հարվածեցին, ու երբ ոտքի կանգնեցի, արյուն էր հոսում»,-պատմել է տուժածը:

Հարձակումից հետո հիվանդանոց տեղափոխված Դերսիմիի քիթը կարել են: Նրա մոտ գանգուղեղի վնասվածք  է ախտորոշվել: