Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը սահմանված կարգով պետք է ներկայացվի Ազգային ժողովին:
Ըստ փոփոխության` սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:
Սոցիալական վճար կատարողի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
Գանձման ընթացքում սոցիալական վճար կատարողի կողմից պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:
Սոցիալական վճար կատարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու սոցիալական վճար կատարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու սոցիալական վճար կատարողի պարտավորությունների մարմանը:
Ընդ որում` հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:
Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և սոցիալական վճար կատարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:»:
Հարկային մարմինը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում` սոցիալական վճարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացնում է սոցիալական վճարների պարտավորությունների գանձման աշխատանքներ:
Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: Հաշվի առնելով տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրական հակասությունները, առաջարկվում է վերացնել դրանք:
Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: