կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 19:11
Քաղաքական

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկվեց, կառավարության կարծիքով, լավագույն լուծումը

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկվեց, կառավարության կարծիքով, լավագույն լուծումը

Այսօր կառավարության արտահերթ նիստում  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ այդմ,  հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը որոշակի լրացումներով: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Օրենքի փոփոխությամբ պետական բյուջեի վրա է դրվում կենսաթոշակային համակարգին անդամակցող և նոր միացող անձանց կողմից կատարվող վճարների կեսը, որի արդյունքում ապահովվում է համակարգի սահուն և ամբողջական ներդրումը։Մասնավորապես, գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ սա մեր կառավարության առաջիկա կարևոր մարտահրավերներից մեկն է: Ունեցել են մի քանի ընտրություն, որոնցից մեկը` այս համակարգը ընդհանրապես չեղյալ հայտարարելն էր:

«Մենք հասկացանք, որ չենք կարող գնալ նման իրավիչակի, որովհետև շուրջ 120 միլիարդ դրամ արդեն իսկ տեղաբաշխված է տարբեր տեղերում կառավարիչների կողմից, և չեղյալ հայտարարելու դեպքում կունենայինք երկու բաղասական արդյունք: Առաջինը` այդքան գումար տնտեսությունից դուրս կգար, երկրորդ` այդ կառավարիչներին, որոնք հսկայական հեղինակություն ունեն աշխարհում, դժվար կլիներ համոզել, որ երկրում իրավիճակ է փոխվել»,- ասաց Փաշինյանը` ներկայացնելով երկրորդ լուծումը, այն է` հետաձգել կարգավորումը որոշ ժամանակով: Այս դեպքում համակարգում ներգրավված 200 հազար մարդիկ կարող էին ասել, որ խտրական մոտեցում է կիրառվում իրենց նկատմամբ, այսինքն իրենք շարունակելու էին վճարել, իսկ 80 հազար անձինք չէին վճարելու: Այս իրավիճակում առաջարկվեց որ բոլորի համար հետևյալ կարգավորումը, որ 7,5 տոկոսը կվճարի պետությունը, 2,5 տոկոսի համար կվճարի քաղաքացին:Ըստ վարչապետի, առաջարկվող լուծումներից ամենացավոտը նշված լուծումն էր: Նա միաժամանակ նշեց, որ սա ժամանակավոր  կարգավորում է, փոփոխություններ են կատարվելու եկամտահարկի դրույքաչափի մեջ, որպեսզի որևէ բեռի ավելացում չլինի հետագայում:

Վարչապետի խոսքով, անարդար կլիներ հետաձգել կուտակայինի պարտադիր բաղադրիչը նրանց հանդեպ,ովքեր 2014-ից արդեն միացել էին համակարգին։ Նրանց եկամուտները մոտ հինգ հազարով կավելանան, համակարգին նոր միացողներինը գրեթե այդքանով կնվազի։

«Սա ժամանակավոր է մինչ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը։ Սա նուրբ հարց է,մենք վստահության խնդիր չունենք, սա բխում է մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից »,- ասաց  Փաշինյանը:

Գործադիրի անդամների միջև բուռն բանավեճից հետո քվեարկության դրվեց նախագիծը: Կառավարության բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին, որոշումն ընդունվեց: