Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեկ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»` սա «Օգնության ձեռք» նախաձեռնության կարգախոսն է, որը փորձում է թեթևացնել հասարակության խոցելի խավի խնդիրները:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել հասարակության անապահով և խոցելի շերտերին դժվարամատչելի և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Նախագիծը մշակվել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի, «MPMS» կազմակերպության և «Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիայի» համատեղ ուժերով: Նախաձեռնությունն անվճար բուժզննում և բուժօգնություն է տրամադրում անապահով ընտանիքներին, ծերանոցներին, մանկատներին:
«Մեր նպատակն է բուժօգնություն տրամադրել բնակչության այն զանգվածին, որը բավարար հնարավորություններ չունի սեփական միջոցներով հետազոտվելու և բուժվելու: Սկզբնական փուլում մենք նախնական բուժզննման ենք ենթարկում հիվանդներին և տալիս առաջին բուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդներին ընդգրկում ենք երկրորդ փուլ, այն է՝ ապահովել հիվանդի լիարժեք բուժումը, իհարկե՝ հովանավորներ գտնելու դեպքում»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիա»-ի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:
Նախաձեռնության հետ համագործակցում է «Vitaline» լաբորատորիան:
Ի դեպ, բժիշկների կողմից կազմակերպված ակցիան չի հովանավորվում ոչ մի կազմակերպության կամ կուսակցության կողմից, ամեն ինչ իրականացվում է նախաձեռնության սեփական միջոցներով՝ սկսած գիշերելու վայրից մինչև բժշկական պարագաների վարձակալում, ձեռքբերում և այլն: Նախաձեռնության շրջանակներում բժիշկները ոչ միայն իրականացնում են առաջնային զննում, այլև կազմակերպում իրենց իսկ միջոցներով լաբորատոր և գործիքային քննություններ: Նախաձեռնությունն այժմ ջանում է գտնել հովանավորներ, որոնք կհոգան այդ մարդկանց հետագա բուժումը:
«Օգնության ձեռքի» աշխատանքային թիմը նախաձեռնության շրջանակներում արդեն այցելել է Լոռու և Շիրակի մարզեր: