կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 10:48
Հասարակություն

Ընտրակաշառքն անվանափոխվում է՝ օգնություն կարիքավորներին

Ընտրակաշառքն անվանափոխվում է՝ օգնություն կարիքավորներին

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ «մայկաների» տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերեւ չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հայտնի երաժշտությունը` «Պամագի մնե»: Եթե խորհրդարանական ընտրություններում առաջին հարկը «պրիխոժի» էր, բուն շտաբը երկրորդ հարկում էր, այս ընտրություններին երիտասարդ աղջնակները, համակարգչի առաջ նստած, կենտրոնացած կտկտացնում էին` ինչ-որ ցուցակներ կազմում: 


«Կարիքավորների» ցուցակնե՞րն եք մուտքագրում: «Ո՛չ. իրական ընտրողների ցանկն ենք ճշտում»,- ասացին: Շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի մոտ հինգ րոպե հետո նիստ էր «լինելու», մեզ «ընդունեց» ու հարցերին պատասխանեց նրա օգնականը` Արսեն Մկրտչյանը: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը՝ հարցրինք: «Կեղտոտ, անազնիվ»: Ինչո՞ւ: «ԲՀԿ պաստառները պոկում, լոգոները ջարդում են»: Ո՞վ: «Իշխող կուսակցության ակտիվիստները»: Տեղեկացրե՞լ եք ՀՀԿ-ին: «Ո՞նց կարող ենք ինչ-որ բան ասել նրանց կամ որ ասենք, ի՞նչ պտի անեն, ոչ մի բան. ո՞վ կասի, որ էդպիսի բան են անում»

ԲՀԿ-ն քաղաքակիրթ քարոզարշա՞վ է տանում: «Բացարձակ»: Ոչ մի օգնություն, ոչ մի տնից-տուն ակցիա, ոչ մի սառնարան, ոչ մի լվացքի մեքենա: «Վա՞տ բան են անում, որ օգնում են ժողովրդին, ի՞նչ վատ բան եք տեսնում էդտեղ»: Ընտրակաշառք է համարվում, նաեւ փող եք առաջարկում: «Գիտե՞ք նման որեւէ դեպք»: Այո, ԲՀԿ շտաբից աղջնակ եկավ մեր տուն, մեր հեռախոսահամարը գրեց, ասաց, որ ավագանի Ջիվանը կզանգի-կպայմանավորվեք: «Չկա նման բան, ոչ մի նման դեպք չի արձանագրվել, եթե նման դեպք կլինի, էն ժամանակ կասեք»: Իսկ որ ձեր շտաբի պետի ու նրա որդիների անունը կապվում է ինչ-ինչ պատմությունների հետ... հարցը չէինք ավարտել, երբ «պարզվեց», որ նիստն սկսվել է, օգնականը պետք է նիստին մասնակցի»: