Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 26-ին` Կոմպոզիտորների միության համագումարում, երիտասարդ կոմպոզիտորները բավականին ակտիվ էին: Նրանց թեեւ թույլ չէին տալիս ելույթ ունենալ` պատճառաբանելով, որ միության անդամ չեն, այնուամենայնիվ, հարց ու պատասխանի ժամանակ կարողացան հնչեցնել իրենց հարցերը: Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունեն երիտասարդները միության նորանշանակ նախագահ Արամ Սաթյանից, այդ մասին Yerkir.am-ի զրուցել է երիտասարդ կոմպոզիտորների հետ:
Սերգեյ Ուրոմյանը հավաստիացրեց, որ իրենց հանդեպ համագումարից հետո ոչ մի ճնշում չի գործադրվել, ընդհակառակը` մի շարք դասախոսների վերաբերմունքն ավելի դրական է դարձել: «Միգուցե սկզբնական շրջանում ինչ-ինչ քայլեր արվեն, բայց հետո կանցնի: Մեզ դա այնքան էլ չի հուզում»,- ասաց նա եւ հավելեց, որ իրենք մի շարք ծրագրեր ունեն, որոնք առաջիկայում պետք է ներկայացնեն նորընտիր նախագահին:
Երիտասարդ կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանն էլ, իր հերթին, նշեց, որ իրենց սպասելիքները մեծ են եւ հույս ունեն, որ միությունում կայանալիք փոփոխություններն իրենց օգտին կլինեն: «Միությունը դեռ աշխատանքային հունի մեջ չի մտել, մենք դեռ սպասում ենք: Եթե հանկարծ մեր ակնկալիքները չարդարանան, մենք դեմ կգնանք, քանի որ արդեն հայտնել էինք, որ միության նախկին ղեկավարի կողմից մենք բացարձակապես անտեսված էինք: Ճիշտ է, այնպես չէ, որ բացարձակապես ոչինչ չի արվել, ինչ-ինչ բաներ արվել են, բայց դա շատ չնչին է եղել»,- ասաց նա` հավելելով, որ ինքն, օրինակ, երկու միջազգային մրցույթի է մասնակցել, բայց այդ մասին միությունը ոչինչ չի իմացել: «Միայն ինչ-որ ժամանակ անց ինձ իրենց գարնանային համերգային ծրագրում ընդգրկեցին: Սակայն դա ինձ իրենց կողմը գրավելու ձեւերից մեկն էր: Անգամ համագումարից առաջ Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, թե կան կոմպոզիտորներ, որոնք մեր համերգներում ընդգրկված են եղել, բայց այսօր իմ դեմ են: Ի՞նչ է` եթե իրենց համերգում ելույթ եմ ունեցել, իրավունք չունե՞մ ճիշտն ասելու»,- հավելեց երիտասարդը:
Նա նշեց նաեւ, որ նախկինում ինքը` որպես երիտասարդ կոմպոզիտոր, իմաստ չի գտել միության անդամ դառնալու, սակայն այժմ մտածում է այդ մասին:
Ըստ Դուրգարյանի` ամեն ինչ իրենցից է կախված, եւ այժմ իրենց առջեւ մի մեծ ճանապարհ է բացվել. «Միությունը մեզ ձեռք է մեկնել, եւ մենք չենք կարող այդ ձեռքը չսեղմել»:
Հովիկ Սարդարյանը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է` դասախոսական կազմը ճնշումներ գործադրի կոմպոզիտորների վրա, սակայն դա իրենց չի հուսահատեցնում: Նրա հավաստմամբ` այժմ երիտասարդները շատ ակտիվ են դարձել եւ հստակ ծրագրեր ունեն: «Մենք պետք է անպայմանորեն համագործակցենք միության հետ, քանի որ շատ նախագծեր ունենք նրանց առաջարկելու: Փոփոխությունների փուլը դեռ ընթացքում է, մենք ուշի ուշով կհետեւենք իրադարձությունների զարգացմանը եւ առաջինը կարձագանքենք թե՛ դրական եւ թե՛ բացասական երեւույթներին»,- ասաց Սարդարյանը: