Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։ Փետրվարի 24-ի դրությամբ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը, իսկ Թուրքիայում՝ հասել է 43556-ի: Տարերային աղետին զոհ են գնացել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է բնական աղետի հետևանքների, Սիրիայի հայ համայնքի վիճակի, աղետի հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին:
—Փետրվարի 6-ին գրանցված, դրանից հետո մի քանի անգամ կրկնված երկրաշարժերից հետո ի՞նչ վիճակում է տեղի հայ համայնքը, ինչպե՞ս եք գնահատում հետևանքները:
-Փետրվարի 6-ի երկրաշարժը շատ ուժեղ էր: Սիրիայում 50 տարուց ավելի այսքան ուժեղ երկրաշարժ, այսքան ուժեղ ցնցում տեղի չի ունեցել: Դրա համար բնակչությունը խուճապի մատնվեց, բնակարաններից դուրս եկան և մեծ ցնցում ապրեցին: Հայ համայնքն ունեցավ երկու զոհ, տասնյակ վիրավորներ, փլուզվեց հայ բնակիչների պատկանող մեկ շենք, բնակարանների մեծաթիվ վնասներ ունեցանք. համարյա բոլորի բնակարանները ինչ-որ չափով վնասված են, որոշներն այլևս բնակության համար պիտանի չեն: 14 տարի է՝ պատերազմական պայմաններում ենք ապրում, տնտեսական շրջափակման է ենթարկվել երկիրը, ահավոր տնտեսական դժվարություններ ունեինք, էլեկտրականության, վառելիքի ու այլ ճգնաժամի կողքին երկրաշարժի աղետն ավելի բարդացրեց վիճակը:
Երկրաշարժի օրը ՀՅԴ բոլոր կենտրոնները բացվեցին և մեր երիտասարդական, ուսանողական միությունների անդամները անօթևան մնացած կամ վախեցած մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց տներից դուրս գիշերել, ակումբներում օթևան տվեցին, հսկեցին, ապահովեցին էլեկտրականությամբ, ջեռուցմամբ, սննդով, տաք ծածկոցներով: Պետությունը երկու-երեք ժամ է էլեկտրականություն տրամադրում. այս բոլորն ապահովեցին արտակարգ միջոցներով, և մինչև այսօր քանի որ հետցնցումները շարունակվում են, ժողովուրդն ապաստանել է ակումբերում, եկեղեցիներում: Այլ միություններ ևս իրենց ակումբները բացել և տրամադրել են մարդկանց:
-Փետրվարի 21-ին նորից երկրաշարժ գրանցվեց, որը Քեսաբում էլ է զգացվել. նոր ավերածություններ եղե՞լ են արդյոք:
-Փետրվարի 6-ի երկրաշարժը Քեսաբում և Լաթաքիայում էլ ազդել էր. երկուսն էլ հայաբնակ շրջաններ են: Լաթաքիայում վնասները շատ են, մեծ թվով բնակարաններ են փուլ եկել, վնասվել, բայց այնտեղ զոհեր ու վիրավորներ չունեցանք բարեբախտաբար: Եկեղեցու Գանձասար սրահը հատկացրին ժողովրդին և անհրաժեշտ ապրանքներ տրամադրեցին: Քեսաբում առաջին ցնցումից եկեղեցին մասամբ էր վնասվել, բայց փետրվարի 20-ի ցնցումն ուժեղ էր: Տեղի սուրբ Աստվածածին եկեղեցին մեծ վնասներ կրեց և այժմ փլուզման վտանգի տակ է: Բնակչությունը նորից իր բնակարններից դուրս եկավ: Հատկապես երկրորդ երկրաշարժից հետո գիշերներն անապահով են զգում և այդ պատճառով էլ վրաններ են դրել և դրանց մեջ են ապաստանում:
–Ինչպե՞ս է լուծվում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի խնդիրը, ինչի՞ կարիք է ավելի շատ զգացվում:
-Հայոց Թեմի ազգային առաջնորդարանն անմիջապես կազմեց երկրաշարժի արտակարգ դրության մարմին, ստեղծվեցին տարբեր տեսակի օժանդակություններ տրամադրելու, վնասված բնակարնների ցանկագրման և ստուգման աշխատանքի հատուկ հանձնախմբեր: Սննդի, դեղորայքի օժանդակություններն ստանում ենք ոչ կառավարական բարեգործական միություններից կամ սիրիական Կարմիր մահիկի միջոցով: Ոչ կառավարական կազմակերպությունների ուղարկած օգնությունից հատկացվում է նաև հայ համայնքին, և հայ համայնքն այս հանձնախմբերի միջոցով տրամադրում է անօթևան մնացած մարդկանց և վնասված բնակարանների տերերին: Անշուշտ, վնասված բնակարանների վերանորոգումը մեծ գումարների և ժամանակի հետ է կապված: Արտակարգ դրության մարմինը պետք է ամենաշատ վնասված բնակարանների վերանորոգման նպաստ տա, անօթևան մարդկանց համար օթևան ապահովի: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում շուրջ 60 անօթևան մարդիկ կան, որոնք այնտեղ են բնակվում երկրաշարժից ի վեր:
Նյութական օժանդակության մեծ կարիք կա, և այդ իսկ պատճատով տարբեր գաղութներում ՀՅԴ Բյուրոյի թելադրանքով, Հայ օգնության միության ջանքերով հանգանակություններ, դրամահավաքներ են կազմակերպվում: Հայ օգնության միությունն իր տարբեր մասնաճյուղերում ահազանգ է հնչեցրել և օժանդակություններ, նվիրահավաքներ է կազմակերպում, որպեսզի մարդասիրական օժանդակություն ուղարկի:
Ներկա պահին սննդի կարիքը որոշ չափով բավարարվում է, բայց նորածինների կերի, դեղորայքի խիստ պակաս է զգացվում:
-Ինչպե՞ս է հայ վիրավորների վիճակը:
-Չորս վիրավորներ էին ծանր վիճակում գտնվում. երկուսը փլուզված շենքի փլատակներից դուրս բերեցին, երկու վիրավոր էլ ողնաշարային վնասվածք են ստացել: Երկու երիտասարդ աղջիկներ են. վիրահատվել են, դեռ հիվանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է:
-Ի՞նչ անկալիքներ ունեք ՀՀ-ից ու Սփյուռքից երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում:
-Հայաստանից Սիրիային և հայ համայնքին օժանդակություն ուղարկվեց: Բարեբախտաբար, Հալեպի հայկական շրջաններում փլուզված շատ շենքեր կամ փլատակների տակ մնացած մարդիկ չկային: Հայ փրկարարները գործուղվել էին արաբաբնակ մի շրջան, այնտեղ որոնողափրկարարական աշխատանքներ կատարեցին և երեք օրվա ընթացքում փլատակների տակից ութ աճյուն հանեցին: Այդ ընթացքում հանդիպում կայացավ հայ փրկարարների և մեր համայնքի միջև, որի ընթացքում ժողովրդին բացատրեցին, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժից, հետևանքները ինչպես պետք է ընդունել, պատրաստ լինել հետցնցումներին: Այս իմաստով դրական էր, որովհետև ժողովուրդը վախի մեջ էր և հետցնցումները շարունակվում էին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 100.000 դոլար հատկացվեց սիրիահայ կրթական հաստատություններին և ժողովրդի կենցաղային կարիքների համար: Մեծ գոտեպնդիչ ազդակ էր, որ Արցախում ևս դրամահավաք հայտարարվեց, Արցախն այս դժվարությունների մեջ օգնության ձեռք է մեկնում:
Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը