կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 16:55
Տարածաշրջան

Սրանք վախկոտ են, իսկ ես՝ ոչ. Սևան Նիշանյան

Սրանք վախկոտ են, իսկ ես՝ ոչ. Սևան Նիշանյան

Սևան Նիշանյանի գրած նամակն ընթերցվել է մարտի 18-ի՝ նրա մասին տեղեկություններ ստանալու համար կազմակերպված հանդիպման ժամանակ:

 

Բոլորն անում են, ես եմ պատժվում: Երբեք չեմ նվաստացնի ինքս ինձ:

 

«Երկրում միակ ապօրինի շինություն կառուցողը Սևա՞նն է» վերնագրով հոդվածները հուզվելով եմ ընթերցել: Ես ուրիշների արածը չէ, ՉԱՐԱԾՆ եմ արել: Ես չեմ պահանջում, որ ինձ ներեք կամ ներողամիտ գտնվեք իմ նկատմամբ: Պարզապես չեմ ուզում իմ գործերն անտեսեն: Կարծում եմ՝ արժանի եմ պարգևի: Հավատում, որ արժանի եմ շնորհակալության: Ակնկալում եմ, որ նրանք, ովքեր կարծում են` ինձ դատապարտել են, գլխիկոր կգան և ներողություն կխնդրեն:

 

Պետության և ժողովրդի կողմից աղբը նետված մի գյուղում կյանքի տեսլական փորձեցի ստեղծել: Վայրագորեն ավերելու` ճարտարապետական սովորության վերացրածը նոր դարաշրջանի պայմաններում փորձեցի վերականգնել: Այն հասարակությանը, որտեղ տգեղն ու այլանդակն են տիրում, փորձեցի հիշեցնել, որ գեղեցիկն ինքնին նպատակ է: Այս ամենը փողի համար չեմ արել, ոչ էլ՝ շահի: Արեցի՝ գեղեցիկի համար, օրինակ դարձնելու համար:

 

Տասնյակհազարավոր մարդիկ եկան: Իրենց կյանքը լուսավորելու, հոգիների առաջ պատուհաններ բացելու համար շնորհակալություն հայտնեցին, մեզ համբուրեցին: Իսկ պետության անվան տակ թաքնվողները մեզ ատեցին, որովհետև լույսից վախենում են:

 

Հավատում են, որ իրական ամեն ինչը սպառնում է իրենց գոյությանը: Շահի վրա հիմնված իշխանությունները վախենում են օճառի պղպջակի նման վերանալուց:

 

Այնտեղ, որտեղ կա խելք, գեղեցկություն և ազնվություն, կարծեցին, թե կվախեցնեն ու իրենց կհնազանդեցնեն: Չկարողացան: Կարծեցին, որ ինչպես հանրապետության ողջ ժամանակաշրջանում են արել, անթերի դարձրած իրենց ղեկավարումն օգտագործելով՝ նախկինում հարյուրհազարների երկրից արտասահման փախցրել, իմ նկատմամբ նույն փորձը կանցնի: Չհաջողեցրին:

 

Կարծեցին՝ բանտարկելով վիզ կծռեմ: Չեն կարողանալու, որովհետև սրանք վախկոտ են, իսկ ես՝ ոչ:

 

Սրանք միամիտ են, սովորելու առաջին պայման հանդիսացող հոգու մեծությանը անծանոթ, իսկ ես՝ չեմ:

 

Սրանք տառապում են անիրավ լինելու հոգևոր հասկացության հաշմանդամությամբ, իսկ ես՝ ոչ:

 

Հույս ունեմ՝ հաջորդ անգամ անձամբ կհանդիպենք: Այս հանդիպման իրականացման համար բոլոր ներդրում ունեցողներին, մասնակիցներին, չմասնակցած, բայց իրենց սերն ուղարկած բոլոր մարդկանց Շաքրան փակ բանտի իմ անկյունից բարև եմ ուղարկում:

 

Սևան Նիշանյան

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի