Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, բացառիկ կառույցներ հիմնելու միջոցով աշխարհի ուշադրությունը գրաված հայազգի Սևան Նիշանյանին դարձյալ դատի են տվել. հայտնում է agos.com-ը:
Նշանյանը զրուցել է լրագրող Էմրե Էրթանի հետ:
-Շիրինջեում Ձեր ո՞ր գործի համար են Ձեզ դատի տվել:
-2008 թվականին փոքրիկ կառույցներից մեկում «կնիքը խախտելու» համար երկու տարի ազատազրկվեցի: Ինձ մտահոգում է այն, որ դրան հաջորդեցին մի քանի այլ տուգանքներ: Կառույցներից 9-ը ապօրինի էին: Ընդհանուր առմամբ` 19 դատական գործ ունեմ: Մի քանի օր առաջ դատարանից նամակ ստացա. պետք է 10 օրվա ընթացքում ներկայանամ:
- Բոլորս էլ գիտենք, որ Կ.Պոլսում 70 տոկոսը ապօրինի կառույցներ են, ոչ մեկ չի տուգանվում, իսկ Դուք…
-Մեկ իրականություն կա, որ բոլորը գիտեն: Այս հարցը ապօրինության խնդիր չէ:
-Իսկ կարծո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր հայ լինելը դեր ունի տուգանվելու հարցում:
-Դա բացահայտ է: Թուրքիայում ցանկացած յուրահատուկ կառույցի դեպքում տուգանվում են: Եթե նույնիսկ կառուցողի ազգանունը «Օզթուրք» է (մաքուր թուրք), տուգանվում է, մանավանդ եթե հայ ես՝ տուգանքը կրկնապատկվում է:
-Ափսոսո՞ւմ եք, որ յուրահատուկ եք:
-Ուրիշ կերպ չէի կարող լինել: Մարդը չի կարող ինքն իրեն փոխել: Կառուցվածքս այսպես է, և սա ինձ դուր է գալիս: Երիտասարդության տարիներին մարդիկ ասում էին` այս բնավորությունդ, այդ բնավորությունդ փոխի, այդպես մի եղիր, այսպես եղիր: Որոշ տարիքից հետո հասկանում ես, որ որքան էլ փորձես՝ ինչ կաս, դա ես: Երբ սովորում ու ընդունում ես քեզ այնպես, ինչպիսին կաս, ապա կյանքն ավելի հեշտ է սկսում թվալ: Գործերովս հպարտանում եմ, լավ գործեր եմ արել: Լինի՛այս գյուղում, լինի՛ Մաթեմատիկայի գյուղում, թատրոնի դպրոցում, գիտական աշխատանքներս, բառարանս, հանրային բանավեճերս: Հավատում եմ, որ շատ մաքուր և կոկիկ գործ եմ արել: Հավատում եմ, որ այս երկրում մարդկանց համար օգտակար գործեր եմ արել և երկրիս տվել ավելին, քան ստացել: Սրանով լավ եմ զգում, արդեն մարդ սրանից ավելի ի՞ նչ կարող է անել կյանքում: