Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում «ապօրինի շինություններ կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով 11 տարով բանտարկված պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ամիսը մեկ որոշ ժամանակով ազատ է արձակվում, դեկտեմբերի 21-ին՝ իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ անկրկնելի խնջույք է կազմակերպել:
Երեկույթի ընթացքում Նիշանյանը ասել է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայությամբ ինձ պատվելու համար: Այսօր այստեղ է հավաքվել մարդկանց այնպիսի խումբ, որը, չնայած այս երկրում տեղի ունեցող ամեն ինչին, իր ներկայությամբ դրական ազդեցություն է ունենում: Կարծում եմ` պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայում, դատապարտված լինելով, ծննդյան տարեդարձին պորտապարուհի բերելու, թիթեռնիկ կրելու պատիվը միայն ես եմ ունեցել:
Երկու շաբաթ հետո իմ բանտարկության երկու տարին կլրանա: Երկու տարի բանտում եմ: Երկու տարում առիթ ունեցա ծանոթանալու մեր «գեղեցիկ Թուրքիայի» հինգ տարբեր բանտերի՝ իր բոլոր ձևերով: Խորհուրդս այն է, որ բոլորդ էլ կարճ ժամանակով բանտարկվեք, բայց երկու տարի չմնաք: Ինչ անում եք՝ համապատասխանեցրեք կամ բանտարկվեք համաներումից վեց ամիս առաջ, կամ էլ թեթև հանցագործություններով բանտարկվեք: Այլապես ինձ նման «ծանր ու լուրջ» հանցանքների դեպքում երկար կմնաք, ինչ էլ որոշ ժամանակ հետո զզվելի է դառնում»:
Նշելով, որ առաջին բանտը չափազանց սարսափելի է եղել, Նշանյանը ներկայացրել է բոլոր բանտերում մթնոլորտը: Նրա խոսքով՝ «Ենիփազար» բանտում, որտեղ ներկայումս ազատազրկված է, իրեն թույլատրել են օգտվել համակարգչից, բայց ոչ երբեք՝ համացանցից: Այս բանտում նրան գրադարանից օգտվելու իրավունք են տվել, որի տնօրենն էլ ինքն է նշանակվել: «Բանալիները մոտս են: Դա լավ է: Երբ ուզում, գնում, աշխատում եմ»,- նշել է Նիշանյանը:
Ընդգծելով նաև, որ Թուրքիան ղեկավարվում է բյուրոկրատական մեթոդներով, նա ասել է. «Իսկ բյուրոկրատիան հիմնված է ռազմական հիմունքների վրա. ամենատգետ, ամենավախկոտ և ամենաանտաղանդ համակարգի անունն է: Այն վիթխարի ցանց է՝ վախի, անկարողության և անտաղանդության հետևանքով մարդկային ամեն տեսակ զգացմունքները կորցրած և միայն փոքր շահերով առաջնորդվող: Թուրքիան ղեկավարողը հենց դա է: Թուրքիան ղեկավարվում է ո\'չ Ահմեդի, ո\'չ Մեհմեդի, ո\'չ Հասանի, ո\'չ էլ Հուսեյնի կողմից, այլ սարսափելի տգետ, սարսափելի վախկոտ և կյանքից, բացի թոշակի անցնելուց, իրական ոչ մի ակնալիք չունեցող, ձեզանից կամ ինձանից ավելի շատ վախեցող, ամեն պահի բանտարկվելու վախով մի շարք տգետներից բաղկացած 3 միլիոնանոց բանակի կողմից: Եվ դրա հետ գլուխ հանելն այնքան էլ հեշտ բան չէ: Եթե մեկ հոգի լինի, պատկերացրեք՝ ձեր դիմաց թշնամի լինի, կպայքարեք, կհաղթեք, սակայն բյուրոկրատիայի դեմ պայքարում հաղթանակի ճանապարհ ես չեմ տեսնում: Սահմանադրությունը փոխելը շատ ավելի հեշտ է, քան բյուրոկրատիան»:
Նիշանյանը կարևորել է նաև մարդկային հարաբերությունները՝ օրինակ բերելով բանտը: «Ստիպված ես համակերպվել, ընկերություններ ձեռք բերել: Օրինակ՝ մենք բանտում անհամբեր սպասում ենք ուրբաթ օրվան: Այդ օրը հավ ենք ուտում: Իրականում անհեթեթ կյանք ենք վարում, բայց ո՞ր ապրելակերպն իրականում աբսուրդ չէ»,- ասել է նա՝ եզրափակելով ելույթը: