Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս կազդի Ղրիմում կիրակի օրն անցկացված հանրաքվեն ԼՂՀ անկախության ճանաչման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
-Պարո'ն Բաբայան, ԼՂՀ-ի պաշտոնական տեսակետը, մոտեցումը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին ո՞րն է:
-Արցախի կողմը բազմիցս` թե' ես, թե' այլ մարդիկ` պետական քաղաքական ներկայացուցիչներ, հայտարարել կամ իրենց կարծիքն են հայտնել իրադարձությունների վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, դա հենց ազգերի ինքնորոշման իրավունքի դրսեւորում է' անկախ նրանից, թե ինչ է դրված հանրաքվեի օրակարգում: Բայց որ ժողովուրդն իրավունք ստացավ իր կամաարտահայտությունն իրականացնել ժողովրդավարական եւ ազատ պայմաններում, սա ինքնին նշանակում է, որ նրանք իրացրել են ազգերի ինքնորոշման իրավունքը: Այդ տեսակետից ենք դիտարկում Ղրիմի հանրաքվեն:
-ԼՂՀ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա՞, կճանաչի՞ հանրաքվեի արդյունքները: Օրինակ` Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեցին Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
-Ճանաչել-չճանաչելու խնդիրը չէ, հնարավոր է, որ այդպիսի հայտարարություններ լինեն: Բայց մեզ համար ամենակարեւորը իմաստը դիտարկելն է եւ մեր տեսլականի արտահայտումը: Մենք կարծում ենք, որ սա ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումն է եւ ցանկանում ենք, որ ամեն ինչ խաղաղ ընթանա: Հանրաքվեի արդյունքներն, առաջին հերթին, պետք է ճանաչի հենց Ղրիմի ժողովուրդը, բոլոր դիտորդները, ովքեր այնտեղ եղել են: Մեր ճանաչել-չճանաչելու խնդիրն այստեղ, կարծում եմ, երկրորդական է: Կարեւորն ընդհանուր այդ գործընթացը հասկանալն է ու պատկերացնելը, թե ինչ է կատարվում:
-Պարո'ն Բաբայան, Ձեր դիտարկմամբ` Ղրիմի հանրաքվեի գործընթացն ինչ-որ նշանակություն կունենա՞ ԼՂՀ ճանաչման գործընթացի վրա:
-Մենք դիտարկում ենք հետեւյալը` քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ, ընդհանրապես, չճանաչված պետությունների ճանաչման գործընթացը տեղի է ունենում երկու հարթությունում' իրավական եւ քաղաքական: Իրավական հարթությունում, միանշանակ, ե'ւ Ղրիմը, ե'ւ նրանից առաջ եղած բոլոր նախադեպերը' բոլորը, մեզ համար կարեւոր են: Որովհետեւ եւս մեկ անգամ արժեւորում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կա, գոյություն ունի եւ որեւէ այլ իրավունքի ստորադաս չէ: Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա այստեղ ցանկացած կոնկրետ օրինակ ունի իր հարթությունը: Հետեւաբար, քաղաքական առումով, եթե որեւէ ազդեցություն չունենա էլ, ապա իրավական տեսակետից անչափ կարեւոր է:
-Ինչպիսի՞ ազդեցություն կունենա արցախյան գործընթացների վրա: Ակնկալիքներ կամ կանխատեսումներ կա՞ն:
-Բնական է, որ իրավական տեսանկյունից մեր փաստարկներն ուժեղանալու են, որովհետեւ կա այդպիսի նախադեպ ոչ միայն Ղրիմում, այլեւ շատ են այդպիսի նախադեպերը: Բացի այդ` նման հանրաքվեներ այս տարի մենք սպասում ենք նաեւ Կատալոնիայում, Շոտլանդիայում, Իտալիայում... Եվ այս ամենը, բնական է, որ ունենալու է իր ազդեցությունը հետագա իրավական գործընթացների վրա: Բայց քանի որ, կրկնում եմ, այս ամենը նաեւ քաղաքական հարթակներում է գտնվում, այսինքն' աշխարհաքաղաքական գործընթացների, տարբեր պետությունների շահերի տիրույթում, քաղաքական առումով մեծ ազդեցություն չի գործի: Բայց մեզ համար դա չէ էականը, այլ այն, որ մենք մեր պետությունն ունենք, եւ անկախ նրանից` ճանաչված է, ճանաչված չէ, երբ է ճանաչվելու, մենք հաստատակամ ենք այն ուժեղացնելու հարցում եւ համոզված ենք, որ ճանաչումը մոտ ժամանակի խնդիր է:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք, օրինակ, դիմել Ռուսաստանին` պահանջով, որ քանի որ ճանաչել է այլ ինքնորոշված պետությունների անկախությունը, ինչպես նաեւ, օրինակ, այդ երկրներում անցկացված հանրաքվեները, ճանաչի նաեւ ԼՂՀ անկախությունը եւ Արցախի ժողովրդի անցկացրած ինքնորոշման հանրաքվեն:
-Մենք պարբերաբար տարբեր ատյաններում բարձրացնում ենք այդ հարցը: Կարծում եմ, որ ուշ թե շուտ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ շատ ու շատ պետություններ կճանաչեն Արցախի անկախությունը: Սա մոտ ժամանակների խնդիր է: Պետք է ուղղակի մի քիչ էլ սպասենք... Ոչ միայն սպասենք, այլեւ աշխատենք այդ ուղղությամբ:
Կոնկրետ Ռուսաստանին դիմելու առումով' մենք որեւէ մեկի հանդեպ կոնկրետ այդպիսի դիմումով հանդես չենք գալու: Կան բազմաթիվ խնդիրներ, ու եթե ինչ-որ պետություններ պետք է ճանաչեն մեր անկախությունը, ապա կճանաչեն նաեւ առանց այդպիսի դիմումների: Սա է'լ ավելի է կարեւորելու մեր գործոնը, արժեւորելու մեր կարեւորությունը եւ այլն:
Զրուցեց Գեւորգ Ավչյանը