Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի' վճարեք փետրվար ամսվա գազի վարձը, սա է պատժելու միջոցը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդին կոչ ուղղեց Ներազգային քաղաքացիական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ արդեն իսկ 150 հոգի կան, ովքեր հրաժարվել են վճարել, և եթե ժողովուրդը միահամուռ միանա այս ակցիային, ապա «Հայռուսգազարդը» համապատասխան հետևություններ կանի:
Վահան Մարտիրոսյանն պատմեց, որ մոտ երեք շաբաթ մտածելուց հետո որոշել են Վրաստանում և Հայաստանում գազի որակների համեմատության միջոցով ցույց տալ, որ ՀՀ բնակչությանը մատակարարվող գազը վատորակ է:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Civilnet.am-ը «Սուրճ եփենք Վրաստանում» վերնագրով տեսանյութ հրապարակեց, որում «Հայռուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը կասկածի տակ առնող` «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը փորձ է իրականացրել՝ նույն քանակի ջուրը նույն պայմաններում եռացնելով Երևանում և Վրաստանի Տետրի Ցկարո քաղաքում։
Տեսանյութում Վահան Մարտիրոսյանը փորձում է ցույց տալ, որ ծովի մակերեւույթից նույն բարձրության վրա, սենյակային նույն ջերմաստիճանային պայմաններում, նույն գործիքներով, նույն քանակի ջուրը Հայաստանում նույն 95 0C ջերմաստիճանին հասնում է ավելի երկար ժամանակում ու դրա համար ծախսվում է ավելի շատ գազ, քան Վրաստանում:
Վ. Մարտիրոսյանն այսօր անդրադարձավ նաև Yerkir.am-ի կողմից երեկ հրապարակված` «Հայռուսգազարդի» պատասխանին, թե իբր իրենց փորձը կատարվել է դիլետանտական մակարդակով, և որ Վրաստանը գազը ստանում է Ադրբեջանից:
«Շատ մասնագետներ հենց տեսահոլովակի տակ մեկնաբանություններ են թողել, որ ֆիզիկայի տեսանկյունից մեր փորձն անթերի է: Ճնշման հարցը բարձրացրեցին, բայց դրանով հենց իրենց ընկերությանն են խփում: Նույնիսկ այդ դեպքում տարբերությունը 20 վայրկյան պետք է լիներ, բայց ոչ` 2 րոպե»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանից գազ առնելուն, ապա Վ. Մարտիրոսյանն ասաց, որ սպառողին չպետք է հետաքրքրի, թե գազը որտեղից է բերվում, կարևորը վճարված գումարի դիմաց որակյալ ապրանք, ծառայություն ստանալն է:
Վահան Մարտիրոսյանը հայտարարեց նաև, որ ձեռնարկելու են քայլեր «Հայռուսգազարդ»-ին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և ստիպելու են, որ նա փոխհատուցի բնակչությանը խաբելու համար:
Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում հարցը իրավական հարթություն տեղափոխելը, և արդյո՞ք իրավական հիմքեր արդեն իսկ ունեն, նա պատասխանեց, որ իրենց շարժման անդամները նախորդ տարվա նոյեմբերից հետազոտել են և պարզել, որ «Հայռուսգազարդը» պետք է մոտ 68 միլիոն դոլարի փոխհատուցում վճարի բնակչությանը անորակ գազ մատակարարելու համար: Իսկ իրավական հիմքերի հետ կապված` դեռևս խորհրդակցում են իրավաբանների հետ:
Ա.Կ.