Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդին քերելու տեղ էլ չկա, կաշին հանել են, միսը հանել են, հասել են ոսկորին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը` հավելելով, որ ժամանակն է պայքարելու իշխանությունների հակաիրավական գործունեության դեմ:
Արշակ Զաքարյանը, երգահան Էդուարդ Զորիկյանը և մի շարք արվեստագետներ ու ազատամարտիկներ միացել են Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանի նոր նախաձեռնությանը, որի նպատակը իշխանությունների ազգաոչնչացնող գործունեության դեմ պայքարն է: Վաղը Հանրապետության հրապարակում նրանց առաջին բողոքի ակցիան է լինելու, որի ընթացքում պահանջելու են վերանայել գազի գինը:
Էդ. Զորիկյանն ասաց, որ իր համար ուղղակի զարմանալի է, որ ՀՀ նախագահը էներգետիկայի նախարարություն այցի ժամանակ հանձնարարում է «ժողովրդին բացատրել, թե ինչու է սահմանին գազի գինը x դրամ, իսկ օգտագործողին վաճառվում է 2x դրամով»: «Սա ուղղակի ծիծաղելի է, մենք հո 5 տարեկան երեխաներ չենք: Ասում են, թե պետք է բացատրել, որ խողովակներ են փոխվում: Հսկայական Ռուսաստանի ամբողջ տարածքով այդ գազը գալիս, հասնում է x գնով, իսկ Հայաստանում, որ գլոբուսի վրա մի կետ է, խողովակը փոխելով, կրկնակի թանկանում է»,- նշեց արվեստագետը:
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ արդեն իսկ ժողովրդին ապացուցել են, որ «Գազպրոմ Արմենիա»-ն խաբել ու խաբում է ժողովրդին` մոտ 30 տոկոս ավելի գումար գանձելով չմատակարարված գազի դիմաց, ինչը ամսական մոտավորապես կազմում է 9.5 միլիոն դոլար: Նրա խոսքով` իրենք բռնել են գողի ձեռքը` մարդու գրպանում, և այժմ կա երկու տարբերակ` պատժել կամ անտեսել, որ նա շարունակի իր գողությունը:
Yerkir.am-ի հարցին, թե պայքարի ի՞նչ միջոցներ են ընտրել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ չեն բացառվում նաև ռադիկալ քայլերը: Օրինակ` նախ 10-օրյա ժամկետ կտան էներգետիկայի նախարարությանը` գինը վերանայելու և իջեցնելու համար, իսկ պահանջը չկատարելու դեպքում կդիմեն քաղաքացիական անհնազանդության:
Մարտիրոսյանը հավելեց նաև, որ նախաձեռնության անդամները վախկոտներից չեն, որ շենքի մուտքում «բո» անեն, վախեցնեն. «Մեզ «բո» անողը տեղում կսատկի»:
Նա կոչ արեց ժողովրդին` միանալ իրենց նախաձեռնությանը և պայքարել անիրավությունների դեմ: «Բոլորն էլ կարող են միանալ մեզ` անհատներից սկսած մինչև քաղաքական ուժերը: ՀՀԿ-ականներն էլ թող միանան, ինչի՞, իրենք գազ չե՞ն վառել, իրենց չե՞ն խաբել»,- ասաց Մարտիրոսյանը: