կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 11:17
Քաղաքական

830 միլիոն դոլարի չափով միջոցներ չեն հոսել մեր երկիր. Վարդան Արամյան

830 միլիոն դոլարի չափով միջոցներ չեն հոսել մեր երկիր. Վարդան Արամյան

Հայտնել ենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2016 թվականի բյուջեի կատարողականը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ մենք 2011 թվականից այս կողմ գտնվել ենք բացասական ներազդեցության մեջ: Նա հիշեցրեց, որ մեր արտահանման ծավալների 50 տոկոսից ավելին հանքահումքային ապրանքներն են, և 2016 թվականին պղնձի ոլորտում շարունակվել է գնանկումային քաղաքականությունը:

«Շուրջ 3 անգամ այս տարիների ընթացքում պղնձի գներն ընկել են, հետևաբար` սա իր ազդեցությունը պիտի թողներ նաև մեր տնտեսության վրա»,- նշեց նախարարը, ապա հավելեց, որ նավթի գների տատանումներն էլ ազդել են Ռուսաստանի տնտեսության վրա, իսկ ՌԴ-ի տնտեսությունը մեծ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա: «Մենք 2-3 խողովակով կախված ենք ՌԴ-ի տնտեսությունից, ու դա բացասական շոկ է նաև մեզ համար»,- ասաց Արամյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տարին ավարտվել է 0,2% տնտեսական աճով: «2014 թվականից սկսած` Ռուսաստանի տնտեսությունում, բացասական զարգացումներ են եղել տնտեսական սանկցիաների պատճառով: 2.8%-ով անկում եղավ 2015 թվականին: Սա մեզ վրա ազդել է, և մեզ մոտ էապես կրճատվել են մասնավոր տրանսֆերտները, թվային արժեքով` 830 միլիոն դոլարի չափով միջոցներ չեն հոսել մեր երկիր»,- հայտնեց Արամյանը:

0,2% տնտեսական աճ է եղել մակրո միջավայրում, արդյունաբերությունում 4,8% աճ է եղել իրական արժեքով, իսկ տրանսֆերտների անկումը նաև շինարարության ոլորտի անկման վրա է ազդել: Գալով գնաճային միջավայրին՝ նա նշեց, որ դա դրսից է գալիս` շատ երկրներում ևս գնաճային միջավայր է եղել, ու ներմուծող ապրանքների դեպքում սա էական նշանակություն ունի:

Արամյանը նշեց, որ դեֆլյատորը 0.5%-ով է եղել, դրան նպաստել է ծառայությունների ոլորտում եղած դեֆլյատորը, միայն ծառայությունների մասով է դրական եղել, ճյուղայինները բացասական աճ են գրանցել: Եկամուտների մասով` ԱԺ-ում նախապես հաստատված ծրագրով, այն եղել է 1 տրիլիոն 186 միլիարդ դրամ, ծախսերը կազմել են 1 տրիլիոն 377 միլիարդ: Արտաբյուջետային միջոցների եկամուտները հաստատվել են 36.1 միլիարդ, 30.5 միլիարդն է ծախսվել:

«Մենք ունեցել ենք ընդհանուր եկամուտների հավաքագրում` 1 տրիլիոն 171 միլիարդի չափով, ծախսերը՝ 1 տրիլիոն 449. 1 միլիարդի չափով: Դեֆիցիտը գերազանցվել է, պատճառը բացասական շոկերն են եղել»,- ասաց նախարարը:

Նա ասաց, որ կառավարությունը շոկերին դիմակայելու համար ստիպված է եղել հակացիկլիկ քաղաքականություն վարել, և այդ պատճառով դեֆիցիտը մի փոքր ավելի բարձր է եղել, քան ծրագրված էր: Արամյանը նաև հայտնեց, որ արտաքին պարտքն է աճել, սակայն հակառակ դեպքում տարին բացասական աճով էր ամփոփվելու, քանի որ դրսից եկող ազդեցությունները բավականին շոկային կլինեին: Նախարարը նշեց, որ պակասուրդը եղել է 4.3 տոկոս: