կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 19:00
Հասարակություն

Սեռական հասունացում

Սեռական հասունացում

Դեռահասությունը կյանքի շրջան է, որը բնորոշվում է ֆիզիոլոգիական և ֆիզիկական յուրահատուկ փոփոխություններով, սեռական հասունացմամբ, հոգեբանա-սոցիոլոգիական զարգացման առանձնահատկություններով:

Սեռական հասունության շրջան հասկացությունը ներառում է վաղ դեռահասային տարիքում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք հանգեցնում են սեռական և վերարտադրողական ունակությունների զարգացմանը:

 

Սեռական հասունացման առաջին նշանները երկրորդական կոչվող հատկանիշների առաջացումն է:

 

Աղջիկների մոտ դրանք ի հայտ են գալիս 11-12 տարեկան հասակում, մեծանում են կրծքագեղձերը, արտաքին սեռական օրգաններին և անութափոսերում մազածածկույթ է հայտնվում, մարմինը կանացի գծագրություն է ստանում, ձայնն ավելի հնչեղ է դառնում: Այդ շրջանում խոշորանում և հասունանում են նաև ներքին սեռական օրգանները, որոնք գտնվում են որովայնի խոռոչի ներքևի մասում: Առաջին դաշտանի` սեռական օրգաններից արյունահոսության հայտնվելը վկայում է, որ աղջկա սեռական համակարգը հիմնականում արդեն ձևավորվել է:

 

Տղաների սեռական հասունացման սկզբում (12-13 տարեկանում) նկատվում է առնանդամի չափերի մեծացում, դեմքին, ցայլքային և անութափոսերում` մազերի աճ: Ամորձիները մեծանում են և սկսում սեռական հասուն բջիջներ` սերմնաբջիջներ արտադրել: 13-14 տարեկանում սեռական օրգանից (առնանդամ) տեղի է ունենում յուրահատուկ հոտով, սպիտակ, մածուցիկ հեղուկի` սերմնահեղուկի ակամա պարբերական արտազատում: Այդ երևույթը կոչվում է երազախաբություն (պոլյուցիա) և հաճախ ուղեկցվում է օրգազմով` հաճույքի զգացումով: Երազախաբությունը, սովորաբար, տեղի է ունենում քնած ժամանակ և ուղեկցվում է առնանդամի մեծացմամբ ու պնդացմամբ: Այդ վիճակը կոչվում է էրեկցիա: Էրեկցիան կարող է առաջանալ սեռական տարբեր գործոնների ազդեցությունից, օրինակ` հպումներից, սեռական երևակայությունից, էրոտիկ ֆիլմերից կամ երազներից և այլն: Բնական է նաև էրեկցիայի առաջացումը առավոտյան կամ օրվա այլ ժամերին:

 

Բացի այդ` սեռական հասունացման ընթացքում սկսում է արագ զարգանալ հենաշարժողական համակարգը, հատկապես` ոսկորները ու մկանները, ձայնը դառնում է թավ: Այս շրջանում պատանիների շրջանում սեռական հակումներից առավել վառ դրսևորվում է զգացմունքայնությունը:

 

Կանանց և տղամարդկանց սեռականության զարգացումը ինքնատիպ է և տարբերվում է մի շարք առանձնահատկություններով: Աղջիկներին հատուկ է ավելի վաղ սեռական հասունացումը, սակայն նրանց սեռական զգացմունքային ցանկություններն ավելի ուշ են դրսևորվում, քան պատանիներինը: Սիրախաղին, գգվանքներին սովորաբար նախորդում է սեռային հակումը` լիբիդոն, որը զգալիորեն պայմանավորված է հորմոնների արտազատմամբ: Լիբիդոն յուրատեսակ հակվածության զգացում է, որը, որպես կանոն, ուղղված է հակառակ սեռի նկատմամբ: Բանական մարդու սեռական հակվածությունը հարուստ է զգացմունքներով և բնորոշում է մարդկանց փոխհարաբերությունների բնույթը:

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ