Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեռական ոտնձգությունների զոհ դարձած երեխան պաշտպանված չէ մեր հասարակությունում: Այս հանցագործություններն ունեն թաքնված բնույթ` հաճախ գաղտնի են մնում:
Դրանց վերաբերյալ ներկայացված վիճակագրական թվերը խիստ տարբերվում են իրականությունից: Շատ դեպքերում հենց զոհերն են թաքցնում այդ ամենը` վախենալով վարկաբեկվելուց:
«Ծնողները չեն ցանկանում, որ մարդիկ իմանան իրենց երեխայի հետ պատահած դժբախտության մասին եւ գերադասում են լռություն պահպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը:
Նա օրինակ բերեց այն դեպքը, երբ դպրոցի տնօրենը կաթսայատանը բռնաբարել է 13 տարեկան երեխայի: Նրան մեղավոր ճանաչելու համար բոլոր ապացույցները եղել են, նույնիսկ` ականտես, սակայն հանցագործը մինչ այժմ անապատիժ է: Տնօրենի կինը 20 հազար դրամ է վճարել երեխայի մորը` «ուսման վարձը վճարելու» համար, եւ դրանից հետո երեխան մինչ այդ տրված իր բոլոր ցուցմունքները հերքել է:
Երեխան մոր ճնշման տակ հակառակ ցուցմունք է տվել նաեւ այն պատճառով, որ լրատվամիջոցներից մեկում նյութ է տպագրված եղել գործի մասին. բացահայտորեն նշված են եղել երեխայի եւ հանցագործի անունները: Որ երեխան չվարկաբեկվի, մայրը համաձայնել է, որ հանցագործին արդարացնեն:
Ինչպես նշեց People in Need կազմակերպության «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը, սեռական հանցագործությունների զոհ դարձած երեխան հաճախ կրկնակին զոհ է դառնում. մարդիկ երեխային պիտակավորում են, երբեմն հենց նրան են մեղադրում:
«Հույս եւ օգնություն» կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը հիշեց մի դեպք, երբ երեխային բռնաբարողը մեղադրել է հենց զոհին, թե «նա 5 տարեկան է, բայց արդեն քանի մեծ մարդու կյանք է փչացրել»:
ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը նշեց, որ առաջին ատյանի դատարաններում 2000-2010 թվականներին անցկացված մոնիտորինգի արդյունքների համաձայն` սեռական բնույթի հանցագործություններից տուժողների թիվը 112 է, որոնցից 101-ն անչափահաս են: