կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 15:20
Քաղաքական

Էս ազգը, միևնույն է, խմող չի դառնալու. ինչո՞ւ Արթուր Գևորգյան-ը հրաժարվեց օրինագծից

Էս ազգը, միևնույն է, խմող չի դառնալու. ինչո՞ւ Արթուր Գևորգյան-ը հրաժարվեց օրինագծից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը մեկն էր այն օրինագծի համահեղինակներից, որով առաջարկվում է հեռուստատեսությամբ թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը 22:00-ից մինչև 06:00-ն: Արթուր Գեւորգյանը, սակայն, իր ստորագրությունը հանել է օրինագծի տակից: Թե ո՞րն է պատճառը, Yerkir.am-ին նա հայտնեց. «Զբաղվածությունս` պայմանավորված բռնցքամարտի առաջնության հետ»:

 

Պատգամավորը նշեց, որ առավել շատ իրեն հետաքրքրում էր սպորտին վերաբերող հատվածը` որ սպորտային միջոցառումների ժամանակ չարգելվի խմիչքի գովազդը: «Հիմա այդ սպորտային միջոցառում նայող երեխան խմո՞ղ է դառնում, թե՞ մարզիկ»,- հարցրեց նա:

 

Արթուր Գևորգյանի համոզմամբ՝ կարելի է թույլատրել գովազդը, բայց դրա փոխարեն կարելի է առողջ ապրելակերպին նպաստող մարզադպրոցներ բացել, որից օգուտն ավելի շատ կլինի: «Էս ազգը, միևնույն է, խմող չի դառնալու, դա մեր գեներում չկա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմադիրների բերած փաստարկները հիմնավոր չեն:

 

Ըստ նրա՝ հեռուստաընկերությունները գինի գովազդելու իրավունք ունեն, բայց հայերն աշխարհում ամենաքիչն են գինի խմում: «Ընդդիմության փաստարկները կոնկրետ անձի դեմ են: Եթե այդ մեկ անձը մեկ հեռուստաընկերություն ունի, մեկ ուրիշն էլ մեկ այլ հեռուստաընկերություն ունի, ի՞նչ տարբերություն: Թող ուրեմն մի քանի անձերի խնդիր բարձրացնեն, ինչո՞ւ են միայն մեկ անձի խնդիր բարձրացնում»,- ասաց Արթուր Գևորգյանը: