կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 21:58
Աշխարհ

Աշխարհի ամենաշատ խմող ազգերը

Աշխարհի ամենաշատ խմող ազգերը

Ռուսաստանցիները 2013թ.-ին 61,5 մլն դոլար են ծախսել խմիչքի վրա: Dni.ru-ն հայտնում է, որ այս ցուցանիշն աշխարհում գերազանցում է միայն Ֆինլանդիան:

 

Ռուսաստանցիների բոլոր գնումների ու ծախսերի 5,8 տոկոսը բաժին է ընկնում ալկոհոլին: Այս ցուցանիշով Ռուսաստանին գերազանցել է միայն Էստոնիան, որտեղ սպիրտային խմիչներին է բաժին ընկնում բոլոր ծախսերի 6,5 տոկոսը: Այս գումարի առյուծի բաժինը ծախսվում է գարեջրի վրա:

 

2013 թ.-ին ալկոհոլի վրա ռուսաստանցիներից փոքր-ինչ պակաս գումար են ծախսել Բելառուսում` 5,5 տոկոս: Հաջորդում են Պերուն` 5,4 տոկոս, Լիտվան և Լատվիան` 5,3-ական տոկոս: Մինչդեռ աշխարհում ալկոհոլի վրա ծախսվող գումարը միջինում կազմում է բոլոր գնումների ընդամենը 1,5 տոկոսը:

 

Մեկ շնչին բաժին ընկնող գումարի մեծությամբ աշխարհում առաջատարը Ֆինլանդիան է: Այս երկրում մեկ անձն ալկոհոլի վրա ծախսում է 844 դոլար: Ալկոհոլիզմի տարածման ամենամտահոգիչ միտումը նկատվում է Չինաստանի Հոնկոնգ շրջանում: Այստեղ 2013թ.-ին ոգելից խմիչքի վրա արվող ծախսերն աճել են 201 տոկոսով:

 

Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության` երկրում 2013-ին մեկ անձի սպառած ալկոհոլը կազմել է 13,5 լիտր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով` դա երկու անգամ գերազանցում է աշխարհի միջին ցուցանիշը, որն է` տարեկան 6,2 լիտր կամ օրական 13,5 գրամ մաքուր սպիրտ` 15 տարեկանից բարձր անձանց դեպքում:

 

ԱՀԿ-ն նաև հայտնում է, որ 2012-ին աշխարհում 3,3 մլն մարդ է մահացել ալկոհոլի խիստ չարաշահումից: Սպիրտային խմիչքների չարաշահումը մեծացնում է ավելի քան 200 հիվանդության, այդ թվում` լյարդի ցիրոզի և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը: