Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեմ եմ» նախաձեռնության անդամերը շարունակելու են բողոքի ակցիաները, քանի որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» փոփոխված օրինագծում իրենց պահանջները բավարարված չեն: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանը` նշելով, սակայն, որ դեռևս որոշված չէ, թե ինչ ձևաչափով կլինեն ակցիաները: «Կարծես թե կառավարությունն այս քայլով ցույց է տալիս, որ նախորդ կառավարության ձախողված քաղաքականությունն է առաջ տանելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում երկրորդ ընթեցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը: Անդրադառնալով փոփոխված օրինագծի բացերին՝ նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ասաց. «Սա ձեռքբերում է, առաջընթաց է, սակայն կան բազմաթիվ վերապահումներ, որոնք առաջացնում են խնդիրներ: Մասնավորապես՝ ասվում է, որ պետք է դիմումներ գրեն, որպեսզի հրաժարվեն այդ համակարգի մասնակցությունից, դա անտրամաբանական է: Այսինքն՝ եթե 80 տոկոսն է դեմ, ինչու՞ նա գրի, փոխարենը եթե կարող է այն 20 տոկոսը գրել և միանալ համակարգին»:
Խոսելով այն գումարների մասին, որը պետք է փոխանցի կառավարությունը այդ ֆոնդերին, Խաժակյանը նշեց, որ այդ եղանակով կառավարությունը լուծում է գումարները ֆոնդերին փոխանցելու խնդիրը, ինչը Սահմանադրական դատարանը վիճելի էր դարձրել` նշելով, որ ԿԲ-ի դերը չարաշահված է:
«Դա նշանակում է, որ կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը Սահմանադրական դատարանն արդեն իսկ հակասահմանաադրական է ճանաչել: Այսինքն՝ մենք այսքան ժամանակ պայքարել ենք պարտադիրի դեմ, ստացվում է, որ անձի մասնակցությունը համակարգին դարձել է կամավոր, բայց համակարգը մնացել է պարտադիր»: Նա նույնպես ընգծեց, որ պայքարը պետք է շարունակվի, որպեսզի օրինագծում առկա վիճահարույց կետերը ևս շտկվեն: