Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 30-օգոստոսի 10-ը Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները, «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ բնորոշմամբ, իրենց ռազմական ուժն ի ցույց դնելու նպատակ է հետապնդում։ Yerkir.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ միշտ են ագրեսիվ նկրտումներ ունեցել, պարզապես վերջին շրջանում դրանք կուլիսային դաշտից տեղափոխվել են բարձր ամբիոններ։
- Հիմա բացահայտ, ի լուր աշխարհի ասում են իրենց նպատակների մասին՝ ագրեսիվ հռետորաբանությամբ, արդեն նաեւ տեռորիստական կոչերով, սպառնալով Հայաստանի հանրապետությանը, ՀՀ բնակչությանը, ընդհանուր առմամբ, նաեւ տարածաշրջանում ստեղծելով բավականին վտանգավոր իրավիճակ։ Սա շատ լուրջ եւ մտահոգիչ է, ոչ թե այն պատճառով, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը եւ բավականի մեծ բանակ ունենալով, կարող է վտանգավոր լինել Հայոց բանակի համար, այլ՝ խնդիրը հետեւյալն է, որ կուլիսներում հոխորտացող թուրքը սկսեց խոսել արդեն սպառնացող լեզվով։
- Բայց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ Թուրքիան երբեք չի լինի հակամարտող կողմ, այս վստահությունը որտեղի՞ց է գալիս:
- Մենք շատ լավ գիտենք պատմությունը, որ 100 տարի առաջ նույն կերպ, տարբեր անձեր՝ պետական այրեր, մտավորականներ, հասարակական սպեկտորի մարդիկ, խոսում էին թուրքի խաղաղասիրության մասին, եւ պատմությունը մեզ բերեց Ցեղասպանության, բերեց նրան, որ կորցրեցինք մեր հանրապետությունը, մեր պետականությունը․․․ Իսկ պատմությունը կրկնվելու միտում ունի։ Եթե ուզում ես, որ թշնամին ապրի խելոք եւ կառուցողական, եղի՛ր ուժեղ նաեւ բանակով։ Փառք Աստծո, ունենք հզոր բանակ եւ դա ոչ մի իշխանության եւ իշխանական ուժերի ձեռքբերումը չէ, այլ՝ հայ ժողովրդի, որովհետեւ բանակի ամեն մի զինվոր մի տնից է դուրս եկել։ Ի դեպ, տարածաշրջանում միակ հզոր, հաղթանակած բանակը, հայոց բանակն է, որը շատ կարեւոր գործոն է մեզ համար, որպեսզի առավել եւս այս լարված իրավիճակում կարողանանք ռազմավարական դաշնակից մեր գործընկերների՝ ՌԴ-ի եւ այդ թվում մեր հարեւան Իրանի հետ, ունենալ այնպիսի կառուցողական, ամուր հարաբերություններ, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հետ քաշվեն՝ լեզուները հավաքելով եւ իրենց ագրեսիվ մտքերից հետ կանգնելով։ Այսօրվա իրավիճակը տարածաշրջանում մտահոգիչ է ե՛ւ ՌԴ-ի ե՛ւ Իրանի համար, ուստի իրավիճակից կարող ենք շահող դուրս գալ, եթե կարողանանք ճիշտ փոխհարաբերություններ ունենալ, ամրացնելով մեր դիրքերը այդ երկրների հետ։
- Պարոն Գեւորգյան, տավուշյան վերջին դեպքերը, հակառակորդի կողմից ռազմական գործողություններ է՞ին, թե՞ պատերազմի կոչ։
- Դիրքային մարտական իրավիճակ էր, որը մենք հաճախ ենք ունենում, բայց, փառք ու պատիվ մեր սպայական անձնակազմին, որոնք էլի ցույց տվեցին բարձր մարտունակություն եւ ագրեսիվ հակառակորդին կարողացան նստեցնել իրենց տեղը։ Իրականում, այդ մարտական գործողությունները կարող էր դառնալ լայնածավալ պատերազմ, բայց՝ փառք Աստծո․․․
- Իսկ ինչո՞ւ թիրխավորվեց Տավուշի կողմը, այլ՝ ոչ հենց Արցախը։
- Կարծում եմ, սա կոնկրետ ազդակ էր Հայաստանի հանրապետությանը։ Հաշվի առնենք, որ դրանից հետո սկսվեցին այս զորավարժությունները, որոնք հիմա չեն անցնում Արցախի սահմանին, այլ՝ Հայաստանի։ ՀՀ բնակչությունը շատ լավ պետք է տարանջատի ու հասկանա, որ վտանգն արդեն հասել է ոչ միայն Արցախ, այլ՝ կոնկրետ Հայաստան։
- Աստված մի արասցե, եթե Նախիջեւանի կողմից Թուրքիան հարձակում գործի, ՀԱՊԿ-ի գործողություններն ինչպիսի՞ն կլինեն։
- Ընդհնարապես, ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը շահագրգռված են, որ այս տարածաշրջանում առավել եւս Թուրքիան չմիջամտի ոչ մի մարտական գործողությունների եւ տարածաշրջանում լինի խաղաղ իրավիճակ։
- Բայց, մենք հակառակ իրավիճակն ենք տեսնում։
- Որովհետեւ, դա անմիջապես կապ ունի մեր երկրի վարվող ներքին քաղաքականության եւ ընդհանրապես, այս իշխանության 2 տարվա քայլերից։ Երբ ագրեսիվ հակառակորդը 20 տարի խոսում է, որ հայ ժողովուրդը ագրեսոր է, որ մենք իրենք բնօրաններից հանել ենք, այն դեպքում, երբ 100 տարվա պատմություն ունեն եւ այս ֆոնին մեր իշխանությունը Ալիեւին կոչում է կառուցողական, բարեկիրթ։ Երբ անհասկանալի քաղաքականությունը է սկսում վարվել դրանից թշնամին փորձում է դիվիդենտները քաղել, իր հարցերը լուծել, իր դիրքերը ամրացնել։ Այն, ինչ անում է Ադրբեջանը եւ Թուրքիան ինձ համար հասկանալի է, անհասկանալի է, թե մեր այսօրվա իշխանությունը ինչի համար էր առանց գիտակցելու գնում այդ քայլերի։ Մի գուցե նրա պատճառով, որ իրենք չգիտեն ինչ է պատերազմը, չեն պատկերացնում, որ կարող է լինել պատերազմ, չեն հասկանում, որ պատասխանատու են Հայաստանի հանրապետության եւ ՀՀ քաղաքացու համար։ Մի բան է անընդհատ պոպուլիզմով խոսել, մի բան է գլուխ արդուկել, մի ուրիշ բան է քաղաքականություն վարել, մի ուրիշ բան է՝ պատասխանատվություն ստանձնել՝ պետականության ու երկրի համար։ Իշխանության գործը ինչո՞ւմն է, որպեսզի մաքսիմալ բացառի ռազմական գործողությունների վերսկսումը։ Իսկ այս իշխանությունը կապ չունի ռազմական գործողության հետ։ Այսօր քաղաքակիրթ աշխարհը գնում է ազգային պետություն կառուցելու, իսկ մենք այսօր գործ ունենք կոնկրետ մի իշխանության հետ, որն ասում է իզմեր չունենք, բայց, գնում է «Բաց հասարակության» հիմնադրամի իզմերով, փոխանակ որդեգրի կոնկրետ ազգային պետություն կառուցելը։
Ինձ համար անընդունելի է, որ այդ մարդիկ շարունակում են նույն կերպ ապազգային քայլերով կործանել այն պետությունն ու պետականությունը, որի համար հազարավոր իմ զինակից ընկերներ զոհ գնացին, ընտանքիներ որբացան, որ ստեղծենք ազգային պետություն, որ ունենաք Հայաստանի հանրապետություն ու հպարտանանք, որ ոսոխին հաղթելուց հետո, ազատագրելով մեր սրբազան հողերը, ստեղծելու ենք ազգային մշակույթ, ազգային կրթություն․․․ Բայց, 2018 թվականին իշխանության է գալիս լրիվ ապազգային իշխանություն՝ «Բաց հասարակության» գաղափարախոսությամբ, հակառակվում ազգային գաղափարախոսությանը, որին բոլորն ասում են՝ ուռա՜, որովհետեւ պրծա՜նք նախկիններից․․․ Ումից ուզում եք պրծեք, բայց ում ընտրել եք, պետք է պարտադրեք, որ խելքները գլուխները հավաքեն ու ազգային պետություն կառուցեն, որ մեր երեխաները, մենք ապրենք ապահով, անվտանգ եւ արժանապատիվ, ոչ թե՝ ձեր պատկերացրած երկրում։ Այսօր, երբ խոսում ես գաղափարից անընդհատ ուզում են անձնավորել, ժողովուրդ ջան, ես չեմ ճանաչում ձեր այսօրվա իշխանության մարդկանց, որովհետեւ իրենց ընդհանրապես ոչ ոք չէր ճանաչում, նույնիսկ՝ իրենք իրենց չէին ճանաչում, իրենց «քուչի» մեջ իրենց չէին ճանաչում, ես ո՞նց ճանաչեմ։ Պառակտելը, սեւերի ու սպիտակների բաժանելը կործանարար է երկրի համար, երբ խելքի կգաք, արդեն ուշ կլինի ժողովուրդ ջան, ընտրե՞լ եք իրենց, պարտադրե՛ք, ճնշե՛ք խեղդե՛ք, որ անեն։ Իրենք ասում են, որ ժողովրդի քվեն ունենք, չեն կարողանում աշխատել, ուրեմն՝ ասեք հաջողություն, մի՛ կործանեք այն, ինչը չեք կարող կառուցել։ Եթե ուշադիր նայենք, այսօր կա 80 տոկոս ընդդիմություն, 20 տոկոս՝ իշխանություն։ Քաղաքական դաշտում առաջին անգամ է, որ ողջ ընդդիմադիր դաշտը դարձել է մի ամբողջականություն։ Դուք իշխանություն եք, գործ արեք, ոչ թե ընդդիմացեք ընդդիմությանը։ Այսինքն, անում են այն, ինչի համար եկել են իշխանության, որ այս պետությունը քանդեն։ 30 տարի առաջ ինձ համար երկրիս պաշտպանության կարեւորագույն խրամատը առաջնագիծն էր, այսօր՝ քաղաքական դաշտը, որովհետեւ այստեղից է քանդվում իմ պետականությունը։ Փառք Աստծո, ունենք բանակ, որը պահում է երկրի սահմանը, բայց բանակիս թիկունքը պետք է պահի իշխանությունը, որը պետք է լինի ազգային, ոչ թե ապազգային։ Իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմինը պետք է առաջնորդվի ազգային մտածելակերպով, ազգային գաղափարախոսությամբ, այլապես ուզում եք մորուք պահեք, ուզում եք թրաշվեք, մազերդ ներկեք, միեւնույն է՝ երկիր չեք կառուցի։ Մենք բավականին ծանր իրավիճակում ենք, պետական համակարգը պառալիզացված է։
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում․