կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 16:02
Քաղաքական

Ֆարմանյանն ունի իր քաղաքական շեֆի պատվերը. Կարեն Անդրեասյան

Ֆարմանյանն ունի իր քաղաքական շեֆի պատվերը. Կարեն Անդրեասյան

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթից չի զարմացրել: Նա այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ֆարմանյանի ելույթը պատվեր էր որոշ ինստիտուտների կողմից:

Հիշեցնենք, որ այսօր Ֆարմանյանը սուր քննադատության արժանացրեց ՄԻՊ-ին՝ ասելով, թե զեկույցը չափազանց անլուրջ է:

«Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ, պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն էր ներկայացնում, քանի որ ես անձնական որևէ խնդիր չունեմ Ֆարմանյանի հետ, հետևաբար՝ նման ելույթը պատվեր է»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Դիտարկմանը, թե Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ական պատգամավոր է, ՄԻՊ-ը պատասխանեց. «Ցավոք, նա իր ելույթում ո՛չ ՀՀԿ-ն էր ներկայացնում, ո՛չ իշխող ուժը, ո՛չ պետությունը, նա ներկայացնում էր մի փոքր խմբակի շահը, որով փորձում էր վարկաբեկել ինձ, ինստիտուտը և, ընդհանրապես, այնպիսի անտրամաբանական բաներ էր խոսում, որ նրանք, ովքեր մի քիչ վերապահումով են վերաբերվում իմ աշխատանքին, սկսեցին էլ ավելի լավ վերաբերվել, որովհետև երբ վարկաբեկված ու ստախոս մարդն ասում է ստեր, բնականաբար, նրա հարձակման թիրախը դառնում է ավելի դրական: Ես այդպես եմ ընկալում մարդկային հոգեբանությունը»,- ընդգծեց Անդրեասյանը:

«Այն մարդը, ով իրեն թույլ տվեց ասել, թե միջատները, որոնք կծում են կալանավայրում գտնվող մարդուն, անիմաստ անդրադարձ է, եթե մի օր հայտնվի հակառակ կողմում ու այդ միջավայրի մեջ, և նրան կալանավայրում կծոտեն, այն ժամանակ պարզ կլինի ցինիզմով ապրելը և այն, թե արժե՞ր դրա մասին խոսել: Ես հիմա միայն մի բան կարող եմ մաղթել կամ ցանկություն հայտնել, որ, Աստված մի արասցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում, և եթե ես լինեմ ՄԻՊ, նրա համար էլ կմտահոգվեմ, որպեսզի միջատները նրան էլ չկծոտեն»,- շեշտեց նա՝ շարունակելով, որ դեռևս նման անբարոյական գնահատականներով ելույթ չէր լսել: