կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-16 17:59
Հասարակություն

Առաջարկում ենք վերանայել նախագիծը, զերծ մնալ գովազդի արգելքից. բաց նամակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին

Առաջարկում ենք վերանայել նախագիծը, զերծ մնալ գովազդի արգելքից. բաց նամակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին

ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոընկերություններ, ինտերնետային կայքեր և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպություններ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։  

«Հարգելի պարոնայք,

ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 29-ին ուղիղ հեռարձակվող նիստին հայտարարվեց, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2021թ մարտ ամսից շրջանառված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ»), որով փաստացի առաջարկվում է արգելել վիճակախաղերի (ինտերնետ տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատվեց Կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1478-Ա որոշմամբ, որով նաև խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով:

Սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը նախագծի և դրա հիմավորման վերաբերյալ, գտնում ենք, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին:

1.   Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը (փաստացի գրեթե ամբողջական) չի համապատասխանում միջազգային փորձին և դժվար է գտնել երկրներ, որոնք թույլատրում են խաղային գործունեությունը, սակայն չեն թույլատրում գովազդը: Առավել տրամաբանական կլիներ ամբողջությամբ արգելել խաղային գործունեությունը, ինչը սակայն փաստացի գրեթե անհնար է իրականացնել՝ հաշվի առնելով համացանցով օտարերկրյա (Հայաստանում չլիցենզավորված) խաղային օպերատորների գործունեությունը արգելելու հնարավորության բացակայությունը: Բացի այդ, Նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակում խաղային ոլորտի օպերատորի ապրանքային նշանին նման նշաններով քողարկված գովազդի սահմանափակումը, ինչը կարող է չարաշահումների հիմք հանդիսանալ:

2.   Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը խտրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում գովազդային գործունեություն իրականացնողների և ՀՀ տարածքից դուրս գրանցված՝ համացանցով կամ ինտերնետային այլ լուծումներով ՀՀ տարածքում գովազդ տարածողների միջև, մասնավորապես՝ անհնար է արգելել օտարեկրկյա կայքերի կամ ցանցային (կաբելային) հեռուստաընկերությունների (IPTV, OTT և այլն) միջոցով գովազդը, ինչի արդյունքում օտարերկրյա գովազդակիրները կստանան մրցակցային առավելություն ՀՀ տարածքում: Հարկ է նկատել, որ ֆինանսական խնդիրներից խուսափելու համար համացանցում գործող մի շարք կազմակերպությունները կարող են տեղափոխել իրենց գործունեությունը արտասահման՝ այնտեղ գրանցելով կազմակերպություններ, շրջանցելով խաղային ոլորտի գովազդի արգելքը և ծառայությունները առաջարկելով օտարեկրյա խաղային օպերատորներին, ինչը փաստացի չի արգելվում և չի էլ կարող տեխնիկապես արգելվել Նախագծով:

3.   Ավելին, օտարերկրյա օպերատորները կթիրախավորեն հայկական շուկան՝ օգտվելով առաջացող ազատ գովադզային տարածություններից և այդ նույն ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունների գովազդից, ինչի հետևանքով տեղի կունենա հայկական խաղացողների արտահոսք դեպի ՀՀ տարածքում չլիցենզավորված, առանց վերահսկողության և առանց խաղացողների իրավունքների պաշտպանության գործող խաղային կայքեր, ինչն ուղղակիորեն հակասում է Նախագծով սահմանված նպատակին: Նման միտումները կարող են հանգեցնել նաև ՀՀ քաղաքացիների անձնական և բանկային տվյալների արտահոսքի, որը դուրս կլինի պետության վերահսկողությունից:

4.   Հիմնավորման մեջ նշված է, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը արգելված է եղել մինչ 2020 թվականի հունվարի 1-ը և թույլատրվել է օրենքի փոփոխության արդյունքում, մինչդեռ ՀՀ տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների գովադզը փաստացի տարածվել է նաև նշված ամսաթվից առաջ և արգելքը վերաբերել է բացառապես խաղատներին և շահումով խաղերին, իսկ ինտերնետ շահումով խաղերի մասով որևէ արգելք սահմանված չի եղել օրենքով, ուստի Նախագծի հիմնավորման պատճառաբանությունը ամբողջությամբ սխալ է:

5.   Գովազդային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր կազմակերպությունները ունեն երկարաժմակետ գովազդային պայմանագրեր, իսկ որոշները լիցենզիա ստանալու համար ֆինանսական պլանավորումը կամ բիզնեսի վարկային պարտավորությունների ստանձնումը իրականացրել են խաղային ոլորտից ստացվող եկամուտների հաշվառմամբ: Միջինում խաղային ոլորտը ապահովում է գովազդային բյուջեների հետևյալ համամասնությունը.

  • Հեռուստաընկերություններ՝ 30-40 տոկոս
  • Ռադիո՝ 40-50 տոկոս
  • Համացանց՝ 40-50 տոկոս
  • Արտաքին գովազդ՝ 40-50 տոկոս

Նշված թվերից ակնհայտ է, որ այս ոլորտներում աշխատող բոլոր կազմակերպությունները անդառնալի կորուստներ են ունենալու, քանի որ հայկական շուկայում առկա չեն այլ ապրանքներ, որոնք կարող են ապահովել գովազդի նման ծավալ և պատրաստ կլինեն վճարել նույն չափով: Ավելին, այս ոլորտի գովազդի արգելքը հանգեցնելու և նաև գովազդային ծառայությունների գնի էական նվազման՝ պահանջարկի նվազման հետևանքով:

6.   Հաշվի առնելով պատերզամի և COVID19 համավարակի ծանր տնտեսական հետևանքները՝ խաղային ոլորտի գովազդային բյուջեներից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել մեդիա ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճտաման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարման կամ սնանկացման: Նման խաղի կաննոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորում իրակացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի: Հարկ է նկատել, որ Նախագիծը վերջին երկու տարում խաղային ոլորտի գովազդի սահմանափակման արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը իսպառ բացառում է կանխատեսելիությունը գովազդի ոլորտում և խախտում է ներդրողների իրավունքները: Նախագծով չի ներկայացվել որևէ վերլուծություն նախկին սահմանափակումների արդյունավետության վերաբերյալ, ինչև ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գովազդի սահմանափակումներով խնդիրը չի լուծվում:

Նման կերպ զրկելով հայկական մեդիա ընկերություններին ֆինանսական կարևորագույն աղբյուրից և դրա փոխարեն չառաջարկելով որևէ այլ աղբյուր՝ վտանգի տակ է դրվում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համանման խնդիրները կարգավորվում են ոչ թե գովազդի արգելքների միջոցով, այլ ոլորտի կարգավորման, մասնավորապես՝ «պատասխանատու խաղի» մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, վերահսկել և կանխարգելել խաղամոլությունը: Բոլոր ներքոստորագրյալ մեդիա կազմակերպությունները պատրաստ են իրականացնել այդ նպատակով «պատասխանատու խաղի» սոցիալական գովազդներ և հանրային իրազեկմանն ուղղված այլ միջոցառումներ/հաղորդումներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից և միջոցներ ձեռնարկել Հայաստանում «պատասխանատու խաղի» մեխանիզմների ներդրման ու սոցիալական գովազդի իրականացման ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվում է որպես խաղամոլության դեմ պայքարի հիմնական միջոց:

Միևնույն ժամանակ խնդրում ենք Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային լսումներ և հանձնաժողովի նիստ Նախագծի վերաբերյալ, որի ընթացքում պատրաստ ենք նաև առաջարկել գովազդի արգելքի փոխարեն այլընտրանքային լուծումներ»:

Բաց նամակին միացած մեդիա ընկերություններ՝

Հեռուստաընկերություններ և հեռուստագովազդ.

1.    Armenia TV

2.    ATV

3.    Armnews

4.    Shant TV

5.    Երկիր Մեդիա

Ռադիոընկերություններ և ռադիոգովազդ.

6.    Russkoe radio

7.     Radio Van

8.    105,5 radio 

9.    Radio Hay

10.  Radio Aurora

11.   Kiss FM 

12.   Pop radio 

13.   Radio Jan

14.   Europa plus

15.   Avtoradio

16.   Yerevan FM

17.   Shanson radio 

18.  Marshal radio

Արտաքին գովազդ իրականացնողներ.

19.   Nushikyan

20.  V.V.art Outdoor effect

21.   Bigboard

22.  Armada

23.  Adverland

24.  Image style 

25.  Country style

Կայքեր և համացանցում գովազդ տարածողներ․

26.  1in.am

27.  Asekose.am

28.  Armlur.am

29.  Lurer.com

30.  Aravot.am

31.  Hraparak.am

32.  Lragir.am

33.  Mediamax.am

34.  Shabat.am

35.  168.am

36.  Blognews.am

37.  Tert.am

38.  Armsport.am

39.  IP Marketing

40.  Media Stream

41.   Media Systems

42.  Digital Caramel»