կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 13:33
Մշակույթ

Վաղուց ցանկություն ունեի Հայաստանում համերգով հանդես գալու. Պատրիսիա Կաս

Վաղուց ցանկություն ունեի Հայաստանում համերգով հանդես գալու. Պատրիսիա Կաս

«Վաղուց ցանկություն ունեի Հայաստանում համերգով հանդես գալու»,- լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կասը:

 

Նրա հավաստմամբ` երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգն ուղղակի հիասքանչ է անցել, քանի որ ինքը ջերմ ու էմոցիոնալ ընդունելության է արժանացել:

 

«Երբ առաջին անգամ գնում ես ինչ-որ երկիր, երբեք չգիտես` ինչ ընդունելության կարժանանաս: Հայաստանում ես ինձ լավ եմ զգում, քանի որ դուք շատ ջերմ եք: Հույս ունեմ` կարճ ժամանակ հետո կրկին կգամ Հայաստան»,- ասաց Կասը:

 

Խոսելով համերգային ծրագրի /«Կասը երգում է Պիաֆ»/ մասին` երգչուհին նշեց, որ սա հարգանքի տուրք էր Պիաֆին, եւ ինքը շատ է պատրաստվել` Պիաֆ ներկայացնելու համար:

 

«Ես գիտեմ, որ Պիաֆն իմ կարիքը չունի` վերապրելու, վերհիշվելու համար երաժիշտների սրտում, եւ համերգն ուղղակի հարգանքի տուրք էր: Ես ընտրել էի Պիաֆի այն երգերը, որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա: Մեկ տարուց ավելի է, որ այս երգացանկով շրջում եմ աշխարհով մեկ եւ համերգներ տալիս: Ես չեմ ուզում կրկնօրինակել Պիաֆին, սակայն նաեւ նրա ժեստերից որոշները կիրառում էի համերգի ժամանակ, որ հանդիսատեսը մինչեւ վերջ տեսներ Պիաֆի կերպարը»,- ասաց Կասը` հավելելով, որ Պիաֆի երգերի միջոցով փորձել է նրա ապրումների մեջ մտնել ու դրանք փոխանցել հանդիսատեսին:

 

Հիշեցնենք, որ համերգը տեղի էր ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո, ինչպես նաեւ  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի աջակցությամբ: