կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 13:46
Մշակույթ

Ես մեկն եմ, ով ապրում է օրվա բերած ապրումներով. Պատրիսիա Կաս

Ես մեկն եմ, ով ապրում է օրվա բերած ապրումներով. Պատրիսիա Կաս

«Ամեն անգամ, երբ հայրենիքից դուրս եմ գալիս համերգի կամ` ուղղակի, ինձ հետ մորս նվիրած խաղալիքն եմ վերցնում /արջուկ/, այն կարծես ինձ էներգիա փոխանցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կասը:

 

Հիշեցնենք, որ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի բացման կապակցությամբ, համերգով հանդես եկավ Պատրիսիա Կասը` «Կասը երգում է Պիաֆ» համերգային ծրագրով: Համերգը տեղի էր ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո, ինչպես նաեւ  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի աջակցությամբ:

 

Երգչուհին հավաստիացնում է` ձանձրանալ չի սիրում, այդ պատճառով էլ անընդհատ մի կերպարից մյուսին է անցնում, փորձում նոր ոլորտներ հաղթահարել եւ սիրում է նորի, անհայտի վտանգը:

 

«Երեկ համերգի ժամանակ ես նաեւ պարում էի եւ պետք է խոստովանեմ, որ, այո, սիրում եմ պարել: Մի համերգային ծրագիր ունեի, որն ամբողջությամբ պարերով էր հագեցած: Ես սիրում եմ որոշակի ոճեր խառնել»,- ասաց Կասը:

 

Նա հիշեց նաեւ, որ ստեղծագործական թոհուբոհի մեջ հասցրել է նաեւ երկու ֆիլմում նկարահանվել: Կասը, սակայն, իրեն դերասանուհի չի համարում, քանի որ, ըստ նրա, չի տիրապետում այն խորամանկություններին, որն անհրաժեշտ է դերասաններին: Ֆիլմերում նկարահանվելը, ինչպես նշեց երգչուհին, օգնել է իրեն Պիաֆ կատարել:

 

Թե ինչ ծրագրեր ունի երգչուհին, պարզ չէ, քանի որ նա երբեք գալիքի համար որեւէ բան չի նախագծում: «Ես մեկն եմ, ով ապրում է օրվա բերած ապրումներով: Այդ սկզբունքով էլ իմ ալբոմներն եմ թողարկում: Թե հետո ինչ կլինի, կախված է հետոյից: Մինչեւ մայիս դեռ պետք է «Կասը երգում է Պիաֆ» ծրագրով շրջեմ տարբեր երկրներում: Հետո մի քիչ կհանգստանամ, իսկ հետո` արդեն չգիտեմ»,- ասաց նա: