Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 12:30-ին, «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները բողոքի ակցիա են անցկացնելու ֆինանսների նախարարության մոտ, բարձրաձայնելու ֆինանսների նախարարությանն ուղղված իրենց բողոքը, քանի որ նախարարությունը ստիպում է մարդկանց ֆոնդեր ընտրել` ըստ էության ճնշումներ գործադրելով թե' գործատուների, թե' աշխատողների վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ավետիսյանը նշեց, որ նախորդ ամսվա ընթացքում իրականացված բողոքի ակցիան ուղղված էր բոլոր նախարարություններին: Այդ ժամանակ նաև անցել են ֆինանսների նախարարության մոտով` ամոթանք տալով նախարարությանը: Այս անգամ բողոքն ուղղված է հենց ֆինանսների նախարարության դեմ` իր հայտարարությունների համար:
«Առաջարկել եմ բողոքի ակցիայի մասնակիցներին կազմակերպել ֆլեշ մոբ` նախարարության դեմ բարձրացնել թղթադրամներ, որոնց վրա գրված կլինեն «Դեմ եմ պարտադիրին»,- ասաց Հայկ Ավետիսյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ կառավարությունը որոշի ձեւափոխել պարտադիր վճարը այլ հարկային վճարների, ինչպես խոսվում է մամուլում, Հայկ Ավետիսյանը պատասխանեց, որ դա հավանական է համարում, սակայն, մարդկանց կողոպտելու երևույթը չի փոխվում:
«Եթե Սահմանադրական դատարանը որոշ դրույթների պատճառով օրենքը համարի հակասահմանադրական և մշակի այնպիսի օրենք, որ Սահմանադրությանը չհակասի, բայց պահպանի մարդկանց կողոպտելու երևույթը, ապա, ըստ էության, որևէ բան չի փոխվելու»,- ասաց նա, նաև նշեց, որ «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները դեռևս չեն նախատեսել, թե ինչ են անելու մարտի 28-ին, այսինքն` այն օրը, երբ պետք է հրապարակվի ՍԴ վերջնական որոշումը: