Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆինանսների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծերով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում: Նշվում է, որ ներկայում խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող ֆինանսների նախարարության կողմից:
Կառավարության հնգամյա ծրագրի 6.2-րդ կետի համաձայն՝ կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը: Հաշվի առնելով սա և նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետով էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում որպես քաղաքականություն մշակող մարմին և «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել էկոնոմիկայի նախարարությանը, իսկ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ֆինանսների նախարարություն:
Այսպիսով, նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: