Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայաստանում օրերս «կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:
«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել է 3 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի, այս անգամ մաքսանենգը ոչ թե ոլորտում ռիսկային համարվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ինչպես սովորաբար լինում է, այլ Իտալիայի, ով թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել է Հայաստան: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն ասել է, որ հայտնաբերված 3 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցը դեռևս աննախադեպ քանակ է մնում Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում: «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում: Ըստ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ Մուշեղ Մանվելյանի՝ թաքստոցներից մեկը ճամպրուկում նախապես պատրաստված կրկնակի հատակն էր, մյուսը` դյուրակիր համակարգչի պայուսակի միջնապատը. «Իսկ կասկածելի փոշենման զանգվածով լեցուն պոլիէթիլենային տոպրակները պատված էին հատուկ նյութով»: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կասկածները հիմնավորելու նպատակով նշված զանգվածը ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ այն որակավորվել է որպես «կոկաին» տեսակի թմրանյութ: Աննախադեպ այս դեպքի բացահայտման նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը համագործակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ:
Տեղեկացնում են, իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն առաջին անգամ է մեր երկրում և իր իսկ խոստովանությամբ՝ ճամփորդության վերջին կանգառը հենց Հայաստանն էր: «Մեր ունեցած տվյալներով, մաքսանենգը պետք է կանգ առներ երևանյան հյուրանոցներից մեկում, որտեղ նրա համար սենյակ էր ամրագրել իսպանական մի ընկերություն»,-նշել է վարչության պետ Սամվել Սանամյանը: Ի դեպ, մաքսանենգի հայտարարության համաձայն, 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի արժեքը կազմում է շուրջ 1,5 մլն դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,- ասվում է ՊԵԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: