կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 18:05
Առանց Կատեգորիա

Կխանգարի՞ ԼՂ հիմնահարցը հայկական Մայդանին, թե՞ ոչ

Կխանգարի՞ ԼՂ հիմնահարցը հայկական Մայդանին, թե՞ ոչ

Հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթի շրջանում, ուկրաինական դեպքերի զարգացմանը զուգահեռ, արմատանում է այն տեսակետը, թե մեզանում հնարավոր չէ հայկական Մայդան, քանի որ որևէ մեկը չի կարող նման արկածախնդրությամբ վտանգի ենթարկել ԼՂ-ի անվտանգությունն ու գոյությունը: Հայաստանյան իշխանությունները, որոնց առանձին ներկայացուցիչներ վերջին օրերին ակտիվորեն տիրաժավորում են այս գաղափարը, դրանով պարզապես հանգստացնում են իրենք իրենց:

 

Որքան էլ այս մոտեցումն օբյեկտիվ հիմքեր ունենա, դրա ներքո պատսպարվելը պարզագույն ինքնախաբեություն է: Նախ` այս մոտեցմամբ առաջնորդվելը նշանակում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծված չէ, Հայաստանում ներքևից պարտադրված որևէ փոփոխություն, այդ թվում` առավել ևս իշխանության, տեղի չպետք է ունենա: Իսկ դա նշանակում է, որ պետք է համակերպվել այն մտքի հետ, որ այդ անորոշ ժամանակահատվածում միշտ լինելու է հհկական իշխանություն, որի դեմ ուղղված ցանկացած գործողություն` առողջ, թե անառողջ, մշտապես ասոցացվելու է ԼՂ-ի դեմ ուղղված դավաճանություն: Այսինքն` կամա, թե ակամա, իշխանության անփոփոխելիությունը և վերարտադրումը սկսում է նույնացվել Արցախի անվտանգության ապահովման հետ: Հետևաբար, խնդիրը ոչ թե ապստամբություն անելու նպատակահարմարության մեջ է, այլ իշխանության և պետական, ազգային շահերի հստակ տարանջատման, որոնք երբեմն կարող են նաև հակադրվել:

 

Երկրորդ` Մայդանի հետ ինչպիսի ընդհանրություններ ու տարբերություններ էլ փորձենք գտնել, 2008թ. մարտի 1-ին Հայաստանում ստեղծվել էր այսպիսի իրավիճակ: Բայց այն ժամանակ ԼՂ հիմնահարցը, կարծես, զսպող լուրջ գործոն չդարձավ: Եթե նախադեպն արդեն կա, ինչո՞ւ է բացառվում կրկնությունը:

 

Բայց արտաքին կողմնորոշումների հենքի վրա ինչ-որ պրոցեսներ սկսելուց առաջ, որը ԼՂ հարցի սրման ամենաուղիղ ճանապարհն է, նախ պետք է հասկանալ` որքանո՞վ հաղթեց Ուկրաինայի ժողովուրդը այս հեղափոխության արդյունքում: 2004թ. ևս նույն ժողովուրդը խորապես համոզված էր, որ նարնջագույն թավշյա հեղափոխությամբ լուծել է իր ազատությունների և ժողովրդավարացման խնդիրը: Մինչդեռ պարզվեց, որ դրանով ընդամենը փոխել է օլիգարխիկ իշխանության դերակատարներին: Այն ժամանակ էլ Արևմուտքը հեղափոխության թիկունքին էր, Ռուսաստանը` պարտվող ռեժիմի: Երաշխիք չկա, որ պատմությունը այս դեպքում ևս չի կրկնվելու` դատելով Մայդանով դեպի իշխանություն սուրացող նոր, բայց միաժամանակ հին դերակատարների ով լինելուց: Արդյունքում ստացվում է, որ հեղափոխությունն իրականացնում են պետականության խոր գիտակցում ունեցող իսկական քաղաքացիները` ելնելով իրենց համոզմունքներից, արժանապատվությունից, իրավունքների համար պայքարելու քաղաքացիական կեցվածքից, բայց դրա արդյունքներից օգտվում են բոլորովին ուրիշ շրջանակներ, այդ թվում` նաև աշխարհաքաղաքական կենտրոնները:

 

Որևէ հասարակություն ինքնակամ, գիտակցված չի դառնում որևէ գերտերության գործիքը: Եվ որևէ գերտերություն չի կարող որևէ երկրում արհեստականորեն, իր բացառիկ շահերից բխող հեղափոխություն իրականացնել` առանց այդ երկրում հեղափոխության բավարար լիցքի և նախադրյալների առկայության: Այդ նախադրյալները կան ոչ միայն Ուկրաինայում, այլեւ, առանց բացառության, հետխորհրդային բոլոր երկրներում: Խնդիրը հեղափոխական վառոդով լցված այդ տակառը վնասազերծման հնարավորությունից զրկելն է և ամենակարևորը` պայթյունի արդյունքներից օգտվելը: Տվյալ դեպքում այս երկու խնդիրը լուծեց Արևմուտքը և հիմա նա է փորձում, ի հեճուկս Ռուսաստանի, յուրացնել Մայդանի հիմնական արդյունքները:

 

Որ հենց Արևմուտքն է Մայդանի հեղափոխության արդյունքների տերը, ցույց տվեց այն, թե ինչ հեշտությամբ Բրյուսելը անտեսեց ընդդիմության և Յանուկովիչի միջև ստորագրված` ճգնաժամից դուրս գալու համաձայնագիրը, որը, ըստ էության, Յանուկովիչի խաղաղ, անցնցում հեռացման կապիտուլյացիոն ակտն էր, և հայտարարեց նոր Ուկրաինայի իշխանությունը ճանաչելու մասին այն դեպքում, երբ այդ իշխանությունը փաստացի գոյություն չուներ: Ռուսները թույլ էին այս խաղում, դրա համար էլ պարտվեցին: Ավելին` հիմա Մոսկվայում արդեն հրաշալի հասկանում են, որ հերթով կարող են պարտվել իրենց ազդեցության գոտում գտնվող բոլոր մնացած կետերում, ինչն ավելի է զայրացնում: Եվ ակնհայտ է, որ հետայսու գործ ենք ունենալու շատ ավելի կոշտ ու կոմպրոմիսների հակում չունեցող Ռուսաստանի հետ: Սա լրջագույն մտահոգության առարկա է Արևմուտք-Ռուսաստան դիրքային պայքարի թատերաբեմում հայտնված երկրների իշխանությունների համար: Նրանք տեսան, թե ինչպես կարող են Արևմուտքը և Ռուսաստանը հրաժարվել իրենց տված անվտանգության երաշխիքներից ու դարձնել քավության նոխազներ: Այդ երկրների իշխանություններն արդեն հասկանում են, որ ռուսական պատվարը, որի թիկունքում փորձում են պատսպարվել, ինչքան թույլ է, խոցելի և իր հերթին անպաշտպան:

 

Հայաստանի իշխանությունների համար սա կրկնակի հարված է, որովհետև ոչ միայն Հայաստանի և ԼՂ-ի, այլ նաև անձնապես իրենց անվտանգության երաշխավորն է իր թուլությունը մերկացնում: Թերևս հենց դա է պատճառը, որ արդեն իսկ փորձեր են արվում Արևմուտքի հետ լեզու գտնել` նրանց աչքի փուչը չդառնալու համար: Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե  Ազգային անվտանգության խորհրդի կայանալիք նիստում քննարկվելու է ԵՄ-ի հետ գործողությունների մի նոր ծրագիր, որը պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառները ներառող բարեփոխումների 160-ից ավելի ուղղություններ է նախանշում: Բայց հետաքրքրականը Բաղդասարյանի արած այն նկատառումն է, թե քանի որ իրենք նախատեսված ժամկետում չեն հասցրել ավարտել այդ ծրագրի մշակման աշխատանքները, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբից խնդրել են երկարաձգել այն մինչև ապրիլ: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Ֆարմանյանը պաշտոնական Երևանի ցուցումով հրաժարվեց ստորագրել հանձնաժողովի նիստի ամփոփիչ հայտարարությունը: Ծրագիրն օր առաջ ներկայացնելու միջոցով Հայաստանի իշխանությունները թերևս հույս ունեն ոչ միայն կոնկրետացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, այլև նախապայմաններ ստեղծել, որպեսզի Բրյուսելը տեսնի իրենց շահագրգռվածությունը բարեփոխումներ իրականացնելու խոստումը կատարելու հարցում և շարունակի հենվել իր վրա` հասարակական կամ քաղաքացիական շրջանակներում հենման կետեր և հեղափոխության պոտենցիալ ունեցող շրջանակներ փնտրելու փոխարեն: Հարցն այն է, թե ուկրաինական հաջողությունների համը տեսած Եվրամիությունը կհավատա՞ Հայաստանի իշխանություններին, թե՞ ոչ: Գոնե այս պահին թվում է, որ առնվազն ձև կանի, թե հավատում է` հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինան բաժանելուն ուղղված քայլերին դիմակայելու առաջնայնությունը և այդ նպատակով պաուզա վերցնելու անհրաժեշտությունը: Իսկ մինչ այդ հայաստանյան իշխանությունները կշարունակեն համոզել, որ հայաստանյան Մայդանը մեզ հակացուցված է ԼՂ խնդրի պատճառով: Իշխանությունը կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում` մինչ հասարակությունը տարված է ուկրաինական դեպքերի լույսն ու ստվերը, Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունները վերլուծելով: Մինչդեռ խնդիրը հեղափոխությունների պրոյեկտման մեջ չէ, այլ հասարակական պահանջների և էներգիայի գեներացման սեփական բանաձևը գտնելու, որը հաշվի կառնի թե' արտաքին և թե' ներքին բոլոր մարտահրավերները: Այդ ուղղությամբ ոչինչ չի արվում քաղաքական ուժերի ևքաղաքացիական շրջանակների կողմից: Փոխարենը շարունակվում է հատվածական շահերի, եսակենտրոնության վրա հիմնված լոկալ պայքարի տրամաբանությունը` առանց քաղաքական առաջնորդման, և քաղաքական պայքարի իմիտացիան: Իսկ դրանք կարող տանել միայն մեկ հանգուցակետի` փակուղու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ