Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԱԺ պատգամավոր, Լոռու մարզում վարկանիշային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ որևէ մեկի դեմ չի պատրաստվում աշխատել, ամեն մեկն աշխատելու է իր համար` հանրությանը ներկայացնելով այն, ինչ արել է տարիների ընթացքում, ամեն մեկը կներկայացնի իր անցյալը, իր կատարած գործերը, մասնավոր կարողությունները, մոտեցումները, վաղվա տեսլականը:
«Ընտրությունը` ընտրություն, մանդատը` մանդատ, բայց որևէ մանդատ չարժե, որ ժողովրդին բևեռացնեն, լարեն մեկը մյուսի դեմ: Հանրությունը պետք է երկխոսության դաշտում լինի, այլ ոչ` թշնամանքի»,- ասաց պատգամավորը:
Լրագրողների դիտարկմանը, որ հենց վարկանիշային ընտրակարգն է թշնամանք սերմանում թեկնածուների միջև, նա անկեղծ պատասխանեց` ասելով, որ ԸՕ քննարկման ժամանակ ինքը դեմ է արտահայտվել վարկանիշային ընտրակարգին, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք:
Լրագրողները հարցրեցին` համաձա՞յն է, որ ժողովուրդը խիստ դժգոհ է իշխանություններից: Կարեն Կարապետյանը կրկին անկեղծացավ, որ այսօր դժգոհություն կա իշխանություններից: «Մի հատ թող դուրս գան Երևանից, տեսնեն մարդկանց վիճակը: Ոչ թե դժգոհություն կա, այլ շատ մեծ դժգոհություն կա, ոչ միայն իշխանությունից, այլ նաև մնացած քաղաքական ուժերից: Իշխանությունն էլ մի քանի շերտերից է բաղկացած: Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում, և կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք նրանց»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը կարծում է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ իշխանությունից գոհ լինեն, նույնն էլ վերաբերում է Հայաստանին, որտեղ մարդիկ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունեն իշխանություններից դժգոհելու համար: Ըստ նրա` օբյեկտիվ պատճառներից է մասսայական թալանը, որը շարունակվել է տարիներով, և բոլոր թալանողների ձեռքերը պետք է բռնել, նրանք պետական ինստիտուտներում տեղ չպետք է ունենան, որ դեռ հնարավորություն ունենան պետական միջոցները նեղ անձնական շահերին ծառայեցնելու:
Ինչ վերաբերում է անհատներին, Կարեն Կարապետյանը նշեց, որ ոչ մեկից չի վախենում, պետք լինի` անհատներին էլ կանդրադառնա: Մի բան միանշանակ է` պետք է սեղմել, որ թալանողները տեղ չունենան քաղաքականությունում ու պետական համակարգում:
Ընտրակաշառքի զորության մասին խոսելով` Կարեն Կարապետյանը նշեց, որ մարդիկ այսօր այդքան էլ միամիտ չեն, կարող են ընտրակաշառքը վերցնել, բայց ընտրել նրան, ում ուզում են: Նա չի կարծում, որ ընտրությունները բոյկոտելը ոչինչ չի տալու:
«Մենք իշխանության ներկայացուցիչներ ենք, չնայած ես ինձ էդքան էլ էդպիսին չեմ համարում, ուրեմն թող այս պահին մեզ պատժեն: Ես ինձ ավելի շատ պետական գործիչ եմ համարում, քան կուսակցական, որովհետև շատ դեպքերում, նեղ կուսակցական շահերից ելնելով, այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում, որը հակասում է պետության շահերին»,- ասաց պատգամավորը:
Լրագրողները հարցրեցին` Հանրապետական լինելը կխանգարի՞ Կարեն Կարապետյանին առաջիկա ընտրությունների ժամանակ, թե՞ կօգնի: Պատգամավորը խոստովանեց. «Կխանգարի»: Սակայն հերքեց ընտրություններից հետո կուսակցությունից դուրս գալու հավանականությունը: