կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 12:58
Հասարակություն

Սեյրան Օհանյանի տիկնոջ պահվածքը կխանգարի Օհանյանին. ընդդիմադիր պատգամավոր

Սեյրան Օհանյանի տիկնոջ պահվածքը կխանգարի Օհանյանին. ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալը և, ամենային հավանականությամբ, ընդդիմադիր դաշտից ներկայանալը տարօրինակ համարեց:

«Նա աշխատել է գործող իշխանության հետ և հեռանալուց հետո, ըստ էության, ընդդիմություն է դարձել: Գուցե ընդդիմադիր լինելու հիմքեր ունի՝ իմանալով  համակարգը և այնտեղ տեղի ունեցող պրոցեսները, որոնք, չի բացառվում, որ խոչընդոտել են բանակի հարցերին: Ոչինչ չեմ բացառում, բայց, անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե այդ մուտքը պայմանավորված է 17 թվականի ԱԺ ընտրություններով, մի փոքր ուշացած մուտք է, պետք էր մի փոքր ավելի շուտ դա իրականացնել»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով՝ շատ ավելի լավ կլիներ, որ Սեյրան Օհանյանը հրաժարական տար ժամանակին: «Ես կարող եմ ընդամենը հաջողություն մաղթել Սեյրան Օհանյանին: Տեսնենք՝ հետո ինչ կլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի տիկնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, Սարգսյանը հայտարարեց, որ լավ կլինի՝ Խաչատրյանը չզբաղվի նախկին նախարարի իմիջով: «Սեյրան Օհանյանի տիկնոջ նման պահվածքը կխանգարի Օհանյանին: Եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, ավելի ճիշտ է, որ քո բոլոր հարցերը, որոնք հրապարակային են, կարգավորես ինքնուրույն: Կուլիսային միջամտություններ, կարգավորումներ կարող է ունենալ նաև կինը՝ իր հորդորով, բայց Օհանյանին խորհուրդ կտայի անձամբ զբաղվել, քանի որ Օհանյանի իմիջն ավելի բարձր է, քան նրա տիկնոջ իմիջը: Անկեղծ եմ ասում, անկախ նրանից՝ որքանով դա դուր կգա նրա տիկնոջը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր  Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը տարածել է նրա տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը, գրելով՝ «Մեկնարկել է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը»: