Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ ծավալված բոլոր տեսակի քննարկումներն ու համակարգին տրված բնորոշումները, բոլոր պատմական որակումները` ընդհուպ մինչև «ախմախության» հավանականության տեսություն, այնուամենայնիվ, անպատախան են թողնում հասարակ մի հարց, որը, որքան էլ տարօրինակ է, թե' իշխող կուսակցության, թե' ընդդիմության գաղափարական վեճերում իբրև հարցադրում համարյա չի հնչում: Ըստ իշխանությունների` այս համակարգի ներդրումն անհրաժեշտ է այսօրվա երիտասարդ սերնդի ապահով ծերության համար: Սա զարմանալի պնդում է նախ այն պատճառով, որ դրանով իշխանությունները ոչ միայն բացառում են մեր պետության հեռանկարային զարգացումը առաջիկա երկու-երեք տասնամյակների կտրվածքով, այլև երիտասարդ սերնդին ուղղակիորեն համակերպ են դարձնում այն մտքին, որ առաջիկա տասնամյակներին իրենց «սիրելի» իշխանություններից ոչ մի զարգացում ու նույնիսկ զարգացման հույս չակնկալեն: Պարզ ասած` իշխանությունների ուղղակի հուշումով` Հայաստան պետությունը երեսուն տարի անց էլ լինելու է նույնքան թշվառ ու աղքատ, եթե ոչ ավելի, որ անհրաժեշտություն կա այդ առաջիկա աղքատությունը հաղթահարել հիմա` երիտասարդ աշխատող մարդկանց գրպանը սողոսկելով:
Զարմացնում է ևս մեկ հանգամանք: Հայաստանի Հանրապետությունը թեև աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում է, բայց, այնուամենայնիվ, դեռևս այնքան աղքատ չէ, որ չկարողանա սոցիալական պետության իր սահմանադրական պարտականությունը կատարել: Չնայած առկա բոլոր դժվարություններին` նա իր պարտքը թոշակառուի տարիքի հասած բնակչության հանդեպ կատարում է` քչից-շատից թոշակ ու նպաստ տրամադրելով: Եվ եթե այդ պարտքը կատարում է տնտեսական դժվարությունների մեջ թաղված, ծախված, կոռուպցիայի ու օլիգարխիատի ճիրաններում կեղեքվող այս Հայաստանը, ինչո՞ւ պիտի առավել դյուրությամբ ու պատրաստակամությամբ նույնն ու առավելը չկարողանա անել այն Հայաստանը, որը, ինչպես սիրում են կրկնել իշխանավորները, «նոր է գալու»: Հետևաբար, երեսուն տարի հետո մեր բնակչության ապահովության երաշխիքը ինչո՞ւ պիտի աղքատի գրպանից գողացվող վերջին կոպեկը լինի և ոչ թե երկրի տնտեսական այնպիսի զարգացման հավաստումն ու հեռանկարը, որոնք կբացառեին աղքատի գրպանը մտնելու` իշխանությունների այսօրվա գործելակերպը:
Եվ այս հարցադրման համատեքստում նորովի է հնչում մեկ ուրիշ հարց էլ` քանի՞ գրոշի արժեք ունեն, ուրեմն, մերօրյա իշխանավորների և իշխող քաղաքական ուժի վաղուց ծիծաղելի մեծաբերան հղումները ապագային` «ապահով», «երջանիկ», «բարեկեցիկ Հայաստան» որակումներով:
Լ. Սարգսյան