Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը: Նա մեղադրվում է գյուղացիների համար նախատեսված` կառավարության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքի բաշխման ընթացքում խարդախություն կատարելու մեջ: Այս դեպքը հայտնի է դարձել Վերահսկիչ պալատի ստուգումներ արդյունքում:
Սյունիքի մարզի հողօգտագործողներն էլ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին. հեռուստացույցով լսել են, որ կառավարությունը գյուղական համայնքներին օգնելու նպատակով մարզերին շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ է հատկացրել: Լսել են, բայց չեն տեսել: Ավելին, տեսել են, թե ուր է գնում սուբսիդավորված ապրանքը. «Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանը շատ անօրինականությունների հետ միասին նաեւ կամայականություն է արել: Նա ազոտական պարարտանյութը տվել է իր եղբորը, մտերիմներին եւ հարազատներին, վերջիններիս շնորհիվ բարձր գներով վաճառել են մեզ եւ մյուսներին»: Չգիտենք` վարչապետին հասե՞լ է բաց նամակը, թե՞ ոչ: Սակայն ի՞նչ տարբերություն...
Ո՞վ է ավելի դաժան ու դատապարտելի արարք թույլ տվել` քաղաքաշինության վարչության պե՞տը, որ դպրոցի վերանորոգման համար հատկացված գումարից միլիոնավոր դրամներ է մսխել, թե՞ գյուղվարչության պետերն ու գյուղապետերը, որ գյուղացու հասանելիքը թալանում են կամ հանուրին տրվածը ծառայեցնում գերդաստանի ընչաքաղցությանը հագուրդ տալուն:
Ի վերջո, ինձ համար մեկ է` դպրոցի վերանորոգման վրա ծախսվել է 78 միլիոն, թե` 114 միլիոն դրամ, կարեւոր է, որ դպրոցը գեղեցիկ ու պատշաճ վերանորոգված լինի: Պետության ու ազգի ապագայի վրա թքած ունեցող թալանչու համար էլ է միեւնույն` ինքը թալանում է գյուղացուց, երեխաներից, մանկապարտեզից, դպրոցից, թոշակառուներից, թե` պետբյուջեից: Ի՞նչ փույթ, թե հասանելիքը չտալու արդյունքում ոչ փոքրաթիվ մարդիկ էլ հրաժարվեցին հող մշակել եւ, հուսահատության դուռն ընկած, կապեցին ճամպրուկները:
Ո՞վ է այս ամենի համար պատասխպանատու եւ մեղավոր: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հպարտորեն հայտարարում է, թե թալանչի գյուղապետերի գործն ուղարկել են դատախազություն: Ապրեք, բայց հարցը լուծվե՞ց: Բնականաբար` ոչ: Ու գիտե՞ք` ինչու, որովհետեւ իրավապահների ձեռքը տալուց հետո մի տարի է արդեն, ինչ կառավարությունը չի հետաքրքրվել, թե ինչ եղավ այդ մարդկանց հետ: Իսկ մեր արդարադատության նախարարն է անգամ փաստում, որ հանրությունը չի հավատում իր ղեկավարած համակարգին:
Ի վերջո, ինչո՞ւ է կառավարությունը սպասում, մինչեւ Վերահսկիչ պալատը կատարի բացահայտումներ, ապա դատախազությունն ընտրողաբար արդարադատություն իրականացնի: Արդյոք գյուղացիներին օգնություն կամ սուբսիդիա տրամադրող կառավարությունը ստուգո՞ւմ է` իր ուղարկածը ծառայո՞ւմ է նպատակին, թե՞ ոչ: Թե՞ պարզապես գյուղապետերից «ատչոտ» է ուզում օգնության արդարացի բաժանման վերաբերյալ: Մի «ատչոտ» էլ գյուղապետերը ներկայացնում են մարզպետարաններ, թե կառավարության տրամադրած օգնության արդյունքում հողի 40 տոկոս մշակումը դարձավ 70-80 տոկոս:
Արդյոք կա՞ գիտակցում, որ Հայաստանից մեկնողների մեծ մասը հենց մարզերից են, ոչ թե Երեւանից: Մարզերից մեկնում են հիմնականում գյուղացիները, ովքեր արդեն հոգնել են հողի հետ ու կառավարության դեմ կռիվ տալուց: Իսկ ամեն մի նման «կռվի» արդյունքում մեծանում է ճամպրուկ կապողների թիվը:
Ի վերջո, դուք` կառավարության հարգելի ներկայացուցիչներ, չգիտե՞ք, որ մարզպետարանների վարչության պետերն էլ, գյուղապետերն էլ, մյուս պետական պաշտոնյաների մեծամասնությունն էլ հանրապետականներ են... Եվ այդ ի՞նչ կախարդական փայտիկի օգնությամբ հենց հանրապետականները դարձան թալանչի: Կուսակցական նոր գաղափարախոսությո՞ւն է, արդյոք:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ