կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-22 12:15
Իրավական

Շահեն Հարությունյանի մայրը չի ցանկանում որդուն դատական քաշքշուկների մեջ ներքաշել

Շահեն Հարությունյանի մայրը չի ցանկանում որդուն դատական քաշքշուկների մեջ ներքաշել

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, նորմալ հաճախում է ռազմագիտության դասերին և ուսուցչի հետ այլևս բանավեճի մեջ չի մտնում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Շահենի մայրը` Ռուզաննա Բադալյանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել Շանթի ռազմագիտության ուսուցիչը` 57-ամյա Հրաչյա Գ.-ն, եւ հաղորդում տվել, որ նույն օրը` ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք: Նույն օրը հաղորդում է տվել նաև Շահեն Հարությունյանը և հայտնել, որ զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել ֆիզիկական ցավ: Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն էր սկսվել: Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում Շահեն Հարությունյանի մարմնի վրա կապտուկներ չէին հայտնաբերվել:

 

Նշենք, որ դեպքից օրեր անց դպրոցի զինղեկը գնացել էր ոստիկանության բաժին և բողոքը հետ վերցրել, ինչից հետո բողոքը հետ էր վերցրել նաև Շահեն Հարությունյանը, և խնդիրը հարթվել էր:

 

Սակայն Շահենի մոր խոսքով` ինքը համաձայնել է այդ քայլին գնալ միայ այն բանի համար, որ չի ցանկանում որդուն այս տարիքում դատական քաշքշուկի մեջ տեսնել: Նա պատմեց նաև, որ անգամ դրանից հետո ուսուցիչը չի հանդարտվել և լրատվամիջոցների միջոցով վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Շահենի հասցեին` նրան անվանելով ճիճու, խլուրդ: Սակայն Ռուզաննան դրան չի արձագանքել: Ըստ նրա `ակնհայտ է, որ զինղեկն ամեն կերպ փորձում է հունից հանել որդուն: Ռուզաննայի կարծիքով` այդ ամենին պետք է արձագանքեին կրթության և գիտության, նաեւ պաշտպանության նախարարությունները և մտածեին մեր կրթական համակարգում աշխատող ուսուցիչների որակի մասին: