Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցավոք, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պարոն Շավարշ Քոչարյանի հայտարարությունները դժվար է այլևս հիմք ընդունել, որովհետևր նրա յուրաքանչյուր հերթական հայտարարություն հակասում է նախորդին. լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը' հավելելով, թե ինքը չի նախանձում Շավարշ Քոչարյանին, ով ստիպված է հանդես գալ որպես արտգործնախարարության խոսնակ կոնկրետ այս ոլորտում:
«Դա, հավանաբար, բացատրվում է նրանով, որ որևէ մեկը տեղյակ չէ այդ գործընթացներից, և հենց Մաքսային միության անդամ ու հիմնադիր 3 երկրների միջև կան այնպիսի հարցեր ու խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծն արդեն ուղարկվել է Հայաստան, ինչպես նաև միության 3 անդամ երկրներին' ներպետական համաձայնեցման համար, և միայն այդ համաձայնեցումից հետո հնարավոր կլինի կոնկրետ օրվա մասին խոսել, թե երբ, ի վերջո, կստորագրվի Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Ինչ վերաբերում ներպետական համաձայնեցմանը, ապա Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե դա այն է, ինչ իրենք բազմիցս պնդել են' պայմանագրի նախագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում, ԱԺ-ն պետք է տեսնի' պատրա՞ստ է Հայաստանը վավերացնել որևէ փաստաթուղթ, չի՞ հակասում դա մեր Սահմանադրությանը, Սահմանադրական դատարան պետք է ուղարկվի, որից հետո նոր վավերացվի:
Լրագրողների դիտարկմանը, թե երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, թե շուտով Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, սակայն օրվա մասին դարձյալ որևէ կոնկրետություն չկա, նախկին արտգործնախարարն արձագանքեց. «Ինչ վերաբերում է պարոն Պուտինի հույսին, ես նույնպես հույս եմ հայտնում, որ Հայաստանը չի անդամագրվի ԵՏՄ-ին»:
Իսկ շրջանառվող տեսակետների կապակցությամբ, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը փորձում է պայմանավորվել Ադրբեջանի հետ կամ ինչ-ինչ զիջումներ պոկել նրանից, Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց. «Ես կասեի, որ դա կարծիք չէ, այլ փաստ է, և բոլոր վերջին զարգացումները ցույց են տալիս այն պրոցեսները, որոնցով մեզ և Ադրբեջանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ»:
Պատգամավորը նշեց, որ չի կարծում, թե Հայաստանը շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ, բայց ինչ-որ ուժեր, ինչ-որ խաղացողներ փորձում են մեզ ներքաշել պատերազմի մեջ, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:
«Հազար ու մի աշխարհաքաղաքական զարգացումներ կան տարածաշրջանում: Ռուսաստանը վերջին 20-22 տարիներին' զինադադարի ստորագրումից հետո, մշտապես մտածել է իր խաղաղարար ուժերը մտցնել տարածաշրջան»,- իր ասածները փորձեց պարզաբանել պատգամավորը: