կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 17:22
Առանց Կատեգորիա

Գրոհ ՍԴ-ի և գործատուների դեմ

Գրոհ ՍԴ-ի և գործատուների դեմ

ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հանդես է եկել գործատուներին ուղղված պաշտոնական կոչով, որում նշում է. «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»։ Այս հիշեցման նպատակը գործատուներին օրենքով սահմանված կուտակայինի փոխանցումները կատարել պարտադրելը չէ: Եթե այդպես լիներ, կոչը կարվեր ոչ թե վերջնաժամկետից ընդամենը մեկ օր առաջ, այլ շատ ավելի վաղ` փոխանցում կատարելու պարտավորություն ունեցող սուբյեկտներին ժամանակ տրամադրելու նկատառումով: Այստեղ խնդիրը ֆիննախի, առհասարակ, գանձումները կատարելու հարցում շահագրգիռ մարմինների ցանկությունը չէ: Նման հարկադրանք կիրառելու իրավունք դրանք, ըստ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշման, չունեն: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, որով սահմանվում են կուտակային վճարները չփոխանցելու իրավական հետևանքները, այսինքն` պատասխանատվությունը: Այլ կերպ ասած` առնվազն մինչև մարտի 28-ը, երբ ՍԴ-ն կքննարկի ու վերջնական որոշում կկայացնի այդ օրենքի սահմանադրականության վերաբերյալ, գործատուները չեն կարող պատժի, տույժերի կամ, ընդհանրապես, որևէ պատասխանատվության ենթարկվել փոխանցումները չկատարելու համար: Եվ պատահական չէ, որ ֆիննախը, զգուշացումը կատարելով ու նույնիսկ վերջնաժամկետի մասին նշելով, հիշեցման մեջ վճարումները չկատարելու հետևանքների մասին ոչինչ չի նշել:

 

Դրանով կառավարությունը` ի դեմս ֆինանսների նախարարության, ՍԴ-ին բացահայտ կերպով չհակադրվելով հանդերձ, պարզապես  փորձել է շրջանցել վերջինիս որոշումը և որոշել գործատուներին կուտակայինի փոխանցումների կատարմանը դրդել, այսպես կոչված, «պարտադիր կամավորության» սկզբուքնով: Իսկ դա այլ բան չէ, քան էթիկական և հոգեբանական ճնշման գործադրում գործատուների նկատմամբ: Կառավարության համապատասխան օղակների կողմից հարկատուների նկատմամբ նման բիրտ մեթոդների կիրառումը նորություն չէ: Նորությունն այն է, որ, հիշեցման ձևաչափով իջեցվող հրահանգը կատարելով, ֆինանսների նախարարությունը ոչ միայն բովանդակային առումով հակադրվում է ՍԴ-ի որոշմանը, այլև փաստացի արհամարհում այն: Խնդիրն այն է, որ փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանը մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված մեկ այլ դիմումի կապակցությամբ ընդունած նոր աշխատակարգային որոշմամբ անդրադառնում է պետական մարմինների կողմից իր նախորդ որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համապատասխան դրույթի կասեցումը մեկնաբանելու իրավունքին: Այս կապակցությամբ որոշման մեջ հստակ նշվում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողության հարցում ցանկացած շահագրգիռ պետական մարմին` ՀՀ սահմանադրական դատարանի` 24.01.2014թ ՍԴԱՈ-3 որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումը և դրա հիման վրա օրենքի` դիմումի ապահովման կասեցված իրավադրույթներին առնչվող այլ իրավահարաբերությունները պետք է դիտարկի բացառապես մարդու իրավունքի գերակայության սկզբունքի հարգման համատեքստում»:

 

ՍԴ-ի այս մեկնաբանության պարագայում գործատուներին արված` ֆիննախի հիշեցումը հնարավոր է բացատրել երկու տարբերակով: Կա'մ կառավարությունն ինքնուրույն որոշել է, որ գործատուներին առանց որևէ իրավական հիմքի կուտակային վճարների փոխանցում պարտադրելը մարդու իրավունքների գերակայություն է համարում, կա'մ չի համարում, բայց անում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Անկախ նրանից` այս երկու տարբերակներից որով է կառավարությունն առաջնորդվել, գործ ունենք ՍԴ-ի որոշումը ոտքերը մաքրելու փալաս դարձնելու իրողության հետ: Հետաքրքրականն այն է, որ դա տեղ ունեցավ ընդամենը երկու օր առաջ ԵԿՄ համագումարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անխուսափելիության մասին նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից անմիջապես հետո: Իսկ նախագահը բառացիորեն ասել էր հետևյալը. «Կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որոովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է»: Փաստորեն, ֆիննախում նախագահի այս հայտարարությունն ընկալել են որպես կառավարության քիմքին հարմար որոշում կայացնելու հանձնարարական և, իրադարձություններից առաջ ընկնելով, որոշել են իրենց հերթին հարձակում կազմակերպել գործատուների նկատմամբ և «Դեմ եմ» շարժումով ոգևորվածներին ու դրան միանալ ցանկացողներին հասկացնել, որ, միևնույն է, վճարումները գանձվելու են ցանկացած պարագայում, որ ՍԴ-ի հետ հույս կապել այլևս պետք չէ:

 

ՍԴ-ն ֆիննախի այս հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեց, ինչպես չէր արձագանքել մինչ այդ կառավարության և դրան առընթեր հարկային ծառայության պետական կոմիտեի կողմից նմանատիպ նախորդ նախազգուշացումներին, ՍԴ որոշումը յուրովի մեկնաբանելու բացահայտ իրողությանը, այն դեպքում, երբ ոտնձգությունն ակնհայտորեն կատարվում է պետության արդարադատության բարձրագույն ինստիտուտի նկատմամբ: Թե ինչո՞ւ է ՍԴ-ն համառորեն լռում, թերևս հավելյալ բացատրությունների կարիք չկա:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ